Ուկրաինայում ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Տիմոշենկոյի գլխին ամպերը վաղուց են կուտակվում, և ահա անձրևը եկավ:
Դժվար է ասել, թե արդյոք այն կփոխվի՞ ձյան: Բայց այստեղ հատկանշականը, թերևս, դա չէ, այլ նախկինների և ներկաների, այսպես ասած, հավերժական խնդիրը, որ տարբեր կոնֆիգուրացիաներով հառնում է հետխորհրդային տարածքի այն բոլոր հանրապետություններում, որտեղ իրական դեմոկրատական հայեցակարգը իսպառ բացակայում է: Այդ երկրներում, ներկաները միշտ փորձում են ինքնահաստատվել նախկինների վրա՝ լինի դա ձերբակալություններով, դատական գործընթացներ հարուցելով, թե՝ պարզապես քարոզչական բնույթ կրող մեղադրանքներով:
Հայաստանում էլ մենք ականատես ենք եղել այդ երևույթի վառ դրսևորմանը 1998-ից հետո: Որպես կանոն, ինչ-որ մարդիկ, այսպես ասած՝ նախկին ինչ-որ պաշտոնյաներ հայտնվում են քավության նոխազի կամ զոհի դերում, բայց փաստն այն է, որ նախկինների դեմ որևէ գրոհ այդպես էլ լեգիտիմ չի դառնում, այն պարզ պատճառով, որ այդ գրոհը կազմակերպող ներկաները հետապնդում են միայն մի նպատակ՝ լուծել իրենց լեգիտիմության հարցը:
Արդյունքում ստացվում է ընդամենը անիմաստ և անպտուղ մի երևույթ, երբ թացը խառնվում է չորի հետ, երբ շունը տիրոջը չի ճանաչում, իսկ հասարակությանն իսկապես հուզող հարցերն այդպես էլ հանգամանալից և կոմպետենտ պատասխան չեն ստանում:
Օրինակ՝ այդպես եղավ Հայաստանում, նույն 1998-ից հետո: Մինչ այդ եղած իշխանության գործունեությունը հանրության մոտ բազմաթիվ դժգոհություններ, սուր և կոշտ քննադատություն էր առաջացնում, առաջ բերում բազմաթիվ կարևորագույն հարցեր: Բայց 1998-ից հետո նախկինների դեմ սկսված արշավը այդպես էլ որևէ էական հարցի չպատասխանեց, որը կարող էր որակական նպաստ բերել երկրի առաջընթացի գործին:
Փոխարենը՝ եղան ցուցադրական և աղմկոտ դատավարություններ, քարոզչական պատերազմներ, որոնք ոչ մի հարց չլուծեցին՝ իշխանության դեգրադացիոն միտումները խորացնելուց բացի: Այդպես է լինելու նաև Ուկրաինայում, եթե նույնիսկ Տիմոշենկոյին դատապարտեն ինչ-ինչ մութ գործերի համար: Միևնույն է, պետությունը և հասարակությունը դրանից ոչ մի էական բան ավելի չեն իմանալու, քան գիտեն մինչ այսօր:
Դա արդյո՞ք նշանակում է, որ չպետք է պատասխանատվության կանչել, այսպես ասած, նախկին մեղքերի կամ հանցանքների համար: Իհարկե պետք է պատասխանատվության կանչել, բայց միայն ներկայիս համար լիարժեք և սահմանադրական պատասխանատվություն ստանձնելու դեպքում: Այդ խնդիրը այդպես էլ լիարժեք չի լուծում որևէ հետխորհրդային պետություն՝ բացառությամբ Մերձբալթյան երկրների և ներկայումս նաև Վրաստանի: Իսկ բացառությամբ, քանի որ այդ երկրներում կարծես թե գործ ունենք դեմոկրատական պետական հայեցակարգի հետ, որը գուցե ունի թերի և խոցելի, վիճելի կողմեր, սակայն սկզբունքորեն հստակ կառուցվածք է:
Մնացյալ բոլոր երկրներում ներկայիս պատասխանատվության խնդիրը չի լուծվում, և դրանից փախչելու համար էլ ներկաները միշտ դնում են նախկինների պատասխանատվության հարց: Իսկ փախուստով պետությունը պետություն չի դառնում:










































