Ամառային սեզոնային ալերգիան արտահայտվում է քթահոսությամբ, կոպերի քիմքի քորով, հաճախակի փռշտոցով: Այդ մասին այսօր տեղեկացրեց ալերգոլոգ-իմունոլոգ Նարինե Բանդիկյանը:
Իր խոսքում նա նշեց, որ ամռանն ալերգիա առաջանում է հիմնականում ծաղկափոշուց, որն ավելի է ուժգնանում քամոտ եղանակի պայմաններում, երբ ծաղկափոշին օդի մեջ շատ մեծ տոկոս է կազմում: Ալերգիաները, ըստ նրա, չունեն սեռային և տարիքային սահմանափակում:
«Բոլոր մարդիկ, կարելի է ասել, ալերգիկ են, սակայն մի մասի մոտ դա ուժեղ է արտահայտվում, մյուս մասի մոտ՝ թույլ»,- նշեց ալերգոլոգը: Ալերգիայի առաջացման գործում մեծ դեր կարող է խաղալ անձի ժառանգական նախատրամադրվածությունը, որի ժամանակ կարող է առաջանալ նևրոտիկ այտուց: Կան շատ մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը կարող է մեկ անգամ դրսևորվել, քանի որ ալերգիկ ռեակցիան իմունային համակարգի ռեակցիա է: Մեր օրգանիզմն ունի շատ յուրահատուկ դրսևորում: Դա շատ անհատական ռեակցիա է»,- նշեց Բանդիկյանը:
Նրա խոսքով՝ սխալ է մտածելը, թե ալերգիան ընդհանրապես չի բուժվում, անգամ շատ ծանր հիվանդին հնարավոր է հանել այդ վիճակից: Բանդիկյանի տեղեկացմամբ՝ ալերգիկ ռեակցիա կարող են առաջացնել նաև կոնսերվանտները, լվացքի փոշիները, լատեքսը: Ինչ վերաբերում է ալերգիաների կանխարգելմանը՝ նա նշեց, որ դա կարող է վերաբերել միայն միջատների խայթոցին: «Անաֆիլակտիկ շոկ կարող է առաջանալ, և հիվանդը մի քանի վայրկյանում կարող է մահանալ, եթե չօգտագործի իր համար նախատեսված որոշակի դեղամիջոց»,- ասաց նա՝ նշելով, որ ամռանը հատկապես բնության գրկում ցանկալի չէ կրել վառ գույներով հագուստ, օգտագործել օծանելիք, միջատի խայթոցի դեպքում խորհուրդ է տրվում սառույց կամ սառը ջուր դնել, չտրորել, չքորել և դնել ճնշող կապ:









































