Վրաստանի Գորի քաղաքում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակը ջարդուփշուր անելու համար կուսակցության անդամները մեղադրում են իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմնակիցներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կուսակցության Գորիի կազմակերպության ղեկավար Բադրի Բասիշվիլիի հայտարարությանը:
«Որքանով որ ես եմ տեղյակ, դա խմբակային հարձակում էր գրասենյակի վրա: Ամենայն հավանականությամբ, նրանք «Վրացական երազանքի» ակտիվիստներն են եղել», – ասել է Բասիշվիլին:
Նրա խոսքով՝ 2012 թվականից ի վեր սա վեցերորդ նման դեպքն է: Քաղաքական գործիչը հավելել է նաև, որ բոլոր դեպքերը տեղի են ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք:
Երեքշաբթի երեկոյան՝ մարտի 2-ին, անհայտ անձինք հարձակվել են կուսակցության գրասենյակի վրա: Իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել երկու մարդու: