Թուրքագետ Արտակ Շաքարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի որոշման համաձայն զինված ուժերի կազմում կատարված փոփոխությունները, նշեց.
«Էրդողանը երկար ժամանակ է՝ նպատակ ուներ փոփոխելու ռազմական կառույցը Թուրքիայում, որովհետև արդեն վերջին տարիների բարեփոխումների արդյունքում այդ գործառույթը անցավ քաղաքացիական պաշտոնյաներին, մասնավորապես՝ վարչապետին և պաշտպանության նախարարին, բայց զինվորականությունը դեռ ամուր դիրքեր ուներ, որովհետև Աթաթուրքի կողմից երկրի աշխարհիկ ռեժիմի պաշտպանի դերը վերագրվել է զինվորականներին, և եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայի պատմությանը, զինվորականները 4 անգամ զգացել են, որ երկիրը շեղվում է Աթաթուրքի կանխորոշած ուղուց, այսինքն՝ գնում է դեպի իսլամիզմ, նրանք ռազմական հեղաշրջումներ են իրականացրել։
Էրդողանի նպատակներից մեկը, երբ նա իշխանության եկավ, զինվորականությանը թուլացնելն էր, և վերջին վերափոխումներն այդ քաղաքականության շարունակությունն էին։ Մենք այս տարիներին շատ ենք խոսել «էրգենեկոն»-ի՝ զինվորականներին ահաբեկչության մեջ մեղադրելու և ձերբակալելու մասին։ Եվ, միանշանակորեն, բոլորը այսօր Թուրքիայում խոսում են, որ այս ընտրված և իրենց կողմից հաստատված գեներալները իրականում Էրդողանի նշանակած գեներալներն են»,- ապա հավելեց.
«Այս փոփոխությունները էական են, որովհետև զինվորականները, նույնիսկ այդ բոլոր փոփոխություններից հետո, զգալի ազդեցություն ունեն թուրք հասարակության մեջ, մասնավորապես՝ իրենց հեղինակության առումով»։









































