Մինչ Սերժ Սարգսյանը հանգստանում է, Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը աշխատելու են Սոչիում, ուր Ադրբեջանի նախագահը կմեկնի օգոստոսի 9-ին՝ Մեդվեդևի հրավերով: Իսկ Ալիևին Սոչի կանչելուց առաջ էլ Մեդվեդևը հարցազրույց է տվել ռուսական ու վրացական երեք լրատվամիջոցի, ասելով, թե 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը դաս էր Հայաստանի ու Ադրբեջանի համար, և որ ավելի լավ է անընդհատ բանակցել, քան զգալ հնգօրյա պատերազմի ծանրությունը:
Ըստ ամենայնի, Ռուսաստանն արգելակում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր նախաձեռնողականությունը և այդ իսկ պատճառով Ալիևին կանչում է Սոչի առանց Սերժ Սարգսյանի, որպեսզի այնտեղ նրան բացատրի իրավիճակը և հասկացնի, որ միևնույն է՝ ոչինչ չի ստացվելու:
Իհարկե ստացվելու առումով որևէ խնդիր չէ լինի, եթե ռուս-ադրբեջանական տանդեմի դիմաց լիներ միայն Հայաստանը: Բայց, բարեբախտաբար տանդեմի գործողությունները չէին բխում Միացյալ Նահանգների շահերից, որի համար Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն ամենևին էլ չի նվազել, իսկ դա նշանակում է՝ թույլ չտալ հարավկովկասյան բալանսի խախտում ռուսական քավորությամբ, առավել ևս, որ հետո այդ քավորությունն իր տեղն էր զիջելու թուրք-ադրբեջանական եղբայրությանը:
Ի տարբերություն Ռուսաստանի ղեկավարության, Միացյալ Նահանգները թերևս մի փոքր ավելի հեռուն նայեց տարածաշրջանային զարգացումների ուղղությամբ և լավ պատկերացրեց, որ առկա է երկշերտ վտանգ՝ առաջինը ռուս-թուրք-ադրբեջանական դաշինք՝ ընդդեմ իրենց, իսկ երկրորդը՝ թուրք-ադրբեջանական դաշինք՝ ընդդեմ ռուսների, ինչը նաև աշխատելու է ընդդեմ ԱՄՆ-ի: ԱՄՆ-ը չէր կարող թույլ տալ երկշերտ վտանգի ծավալում, ինչից օգտվեց Հայաստանը՝ խուսափելով հիրավի լրջագույն վտանգից: Երևեի թե դրա համար էլ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Օբամայի 50-ամյակը, հայ-ամերիկյան հարաբերությունն «ավելի քան երբևէ» ամուր է համարում:
Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի իշխանությունը հույսը պարբերաբար դնում է կամ հայ-ամերիկյան, կամ հայ-ռուսական հարաբերությունների ամրության վրա և որևէ գործնական քայլ չի կատարում սեփական պետությունն ամրացնելու և հույսը սեփական պետության ամրության վրա դնելու համար: Փոխարենը, ներշնչվում է մտայնություն, որ մենք միևնույն է՝ կախված ենք լինելու արտաքին կենտրոններից և նրանք են մեզ պաշտպանելու կամ որոշելու մեր ճակատագիրը:
Իհարկե, ներկայումս իրավիճակը հենց այդպիսին է, և դրա համար էլ մեր ռազմավարական բարեկամի թուրք-ադրբեջանական հովվերգությունից պաշտպանվելու համար ստիպված եղանք հույսներս դնել ԱՄՆ-ի վրա, և, բարեբախտաբար, ԱՄՆ-ի շահը չհանդուրժեց այն, ինչ ծրագրել էին ռուսները, թուրքերն ու ադրբեջանցիները:
Այդպես կլինի միշտ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխանություն հասկացության ներքին լեգիտիմության, սահմանադրականության հարցը: Ու ամեն անգամ հնարավոր չի լինելու իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը, քանի որ աշխարհը գնալով ավելի ու ավելի է նեղանում, և անգամ հատակին այլևս տեղ չկա:





































