Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է վրացական և ռուսական լրատվամիջոցիներին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Մեդվեդևն առաջին անգամ հնարավոր է համարել Վրաստանի ղեկավարության հետ շփումները՝ դրա համար նախապայման ներկայացնելով ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցում վրացական կողմից խոչընդոտների հարուցման վերացումը։
Այս կապակցությամբ Արեշիձեն նշել է. «Ես չեմ բացառում, որ արդյունքում Ռուսաստանը կարող է Վրաստանի շրջանցման ճանապարհով անդամակցել ԱՀԿ-ին։ Այդ հարցում Արևմուտքի դիրքորոշումը հետևյալն է. կողմերի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն։ Այդ նպատակով որոշակի ճնշում է գործադրվում թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի վրա։
Մեդվեդևի հայտարարությունը որոշակի քաղաքական հնարք է։ Դրանով նա բարձրաձայնում է իր գլխավոր ուղերձը. ես պատրաստ եմ բանակցություններին, եթե մոռանաք 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի մասին։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Վրաստանը չի հրաժարվի իր հավակնություններից։ Դրա համար էլ բացառված չէ, որ արդյունքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար Արևմուտքը գործի գցի այլ մեխանիզմներ»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ցանկանում է ԱՀԿ-ին անդամակցել դեռևս 1993 թվականից, ինչին խոչընդոտում է Վրաստանը: Ի դեպ, երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեդվեդևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է աշխատանքներ տանել ԱՀԿ անդամ այլ երկրների հետ՝ սեփական անդամակցության ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտների վերացման և մինչև տարեվերջ այդ կազմակերպությանն անդամակցելու համար։









































