Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Բրագա»-ի հետ:
Խաղի մեկնարկից 5 րոպե անց «Ռոմա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Էդին Ջեկոն: Առաջին կեսում հյուրերը մի քանի հնարավորություն ևս ունեին կրկնապատկելու հաշվի առավելությունը, սակայն թիմերը հանգստի գնացին «գայլերի» նվազագույն առավելությամբ:
Երկրորդ խաղակեսում մեկնարկին «Բրագա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Էյսայգոն: 60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը VAR համակարգի միջոցով այն չեղարկեց, քանի որ հայ կիսապաշտպանը խաղից դուրս իրավիճակում էր: Հետագայում էլ «Ռոմա»-ն առավելություն ուներ և այդ առավելության գոլի վերածեց հանդիպման վերջնամասում: 86-րդ րոպեին աչքի ընկավ Մայորալը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: