«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
– Պարոն Սաֆրաստյան, ԱԳ նախարարը նախօրեին ԱԺ-ում հայտարարեց, որ Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ փակել Հայաստանի հետ սահմանը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից այսպիսի նախաձեռնողականությունը Թուրքիայից եկող ազդակների ֆոնին: Իսկապե՞ս արդեն որևէ պատճառ չկա, և պաշտոնական Երևանը շահագրգռված է, որ Թուրքիայի հետ սահմանը վերաբացվի:
– Կարծում եմ, որ այդպիսի լավատեսության համար հիմքեր չկան: Թուրքիան, երբ 1991 թվականի դեկտեմբերին ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց հարաբերություններ չհաստատեց, հիմնավորեց, որ կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն հետագայում: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ խնդիրները երեքն են. Թուրքիան Հայաստանի առջև դնում է 3 պահանջ՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախին օժանդակելուց, պետք է Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, և Հայաստանը պետք է հայտարարի, որ ինքը հավատարիմ է Կարսի պայմանագրին, այսինքն՝ Թուրքիայից տարածքային խնդիրներ չունի: Թուրքիան տասնյակ տարիների ընթացքում այս նախապայմանները դարձրել է ճնշման միջոց: Սա միջազգային հարաբերությունների ոլորտում շատ հստակ անվանում ունի՝ հարկադրման քաղաքականություն է: Այսինքն՝ Թուրքիան օգտվելով Հայաստանի աշխարհագրական դիրքերից, այն առանձնահատկությունից, որ մենք չունենք ելք դեպի ծով, որ մեր 4 հարևաններից երկուսի հետ մեր սահմանները փակ են, Թուրքիան ստիպում է, որ Հայաստանը փոխի իր քաղաքականությունը այդ երեք կարևոր խնդիրներում: Փաստորեն, մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանի ԱԳ նախարարը լավատեսորեն հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել: Արդյո՞ք Թուրքիան կհրաժարվի Հայաստանի վրա ճնշում գործադրելուց, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից: Ես համոզված եմ՝ ոչ: Թուրքիայի մոտեցումները չեն փոխվել, և ես ԱԳ նախարարի լավատեսության համար հիմքեր չեմ տեսնում:
– Ղարաբաղի խնդիրն էլ շարունակում է մնալ Ֆրանսիա-Թուրքիա երկխոսության օրակարգում: Փետրվարի 9-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ելիսեյան պալատի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդականի և Թուրքիայի նախագահի օգնականի միջև, և Ղարաբաղի խնդիրն են քննարկել: Կարո՞ղ ենք ասել, որ վերջին շրջանում Ֆրանսիա-Թուրքիա լարվածությունը որոշակի առումով մեղմվում է, և Արցախի հարցն էլ է դառնում նրանց օրակարգի հարց:
– Այո՛, թուրք-ֆրանսիական հարաբերությունները սրանից մի 2 ամիս առաջ բավականին սրված էին: Նույնիսկ գործը հասել էր նրան, որ Էրդողանը անձնական վիրավորանք էր հասցրել Մակրոնին: Հիմա կարծես այդ սրացման փուլն ավարտվել է, կողմերը փորձում են հարաբերությունները կարգավորել: Սա հատուկ է Թուրքիայի գործող իշխանություններին, երբ մեկ սրում են հարաբերությունները, հետո հետ քայլ են անում: Սա պայմանավորված է նրանով, որ Էրդողանը, թեև վարում է ծավալապաշտական, ագրեսիվ արտաքին քաղաքականություն, շատ դեպքերում այդ քաղաքականությունն անկանխատեսելի է կամ դժվար կանխատեսելի է, շատ լավ հասկանում է, որ կան կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի: Դրա համար հիմա Ֆրանսիայի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ փորձում է ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել: Ես համոզված եմ, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները որոշ չափով կլավանան, բայց հետո էլի կգա սրացման փուլը: Սա է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
Այո՛, Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, և Ֆրանսիան, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ուղղակիորեն այդ խնդրով հետաքրքրված է: Թուրքիան արդեն տասնյակ տարիներ փորձում է սողոսկել համանախագահների շարքերը, բայց դա չհաջողվեց: Դրա համար ես համոզված եմ, որ Թուրքիան իր քաղաքականությունը այնպես կվարի, որ ճնշումը Հայաստանի և Արցախի վրա ուժեղացնի, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուց ու առաջ տանելուց: Իմ ընկալումները չեն համընկնում մեր նախարարի ընկալումների հետ: Ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ Թուրքիան ոչ թե քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, այլ կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումներ կորզի Հայաստանի իմ նշած խնդիրների վերաբերյալ:
– Այսօր պարզ դարձավ, որ թուրքերն ու ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են, որ Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Նժդեհի արձանը հանվի, և հայկական կողմը տեղի է տվել, այն կտեղադրվի պատմության թանգարանի դիմաց: Ինչպե՞ս եք սա գնահատում:
– Ես ծանոթ եմ այդ միջադեպին, բայց չի կարելի թույլ տալ, որ թուրքերի կամքը դառնա մեզ համար օրենք, որ ազգայնամոլական մոտեցումները մեր ազգային հերոսների նկատմամբ դառնան մեզ համար գործողություններ իրականացնելու համար հրամաններ: Մենք չպետք է համաձայնենք նման պահանջների հետ:







































