Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը շարունակում է պնդել, որ ՀՀ ՊՆ գնումների գործընթացում տեղի ունեցած թերացումների վերաբերյալ գործը չի կարող քննվել Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ սեպտեմբերի 27-ի պատերազմից երեք օր անց, ORSIS ընկերության տնօրենը առաջարկով դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները, և ցանկացած ռազմամթերք՝ փամփուշտից մինչև ծանր տեխնիկա, գնալ ու անվճար և անսահմանափակ քանակի բերել, որից հետո 2021 թվականին նոր հինգ տարվա կտրվածքով կմշակվի վճարման ժամանակացույց, սակայն ՀՀ ՊՆ-ից մինչ հարցազրույցի օրը չէին պատասխանել ընկերության առաջարկին։ Միայն հարցազրույցի հետո, երբ այդ փաստը դարձավ հրապարակային, նոր ՀՀ ՊՆ-ից կապվել են ORSIS ընկերությանը և տեղեկացրել, որ ընդունում են առաջարկը։ Հենց այս ամենը հրապարակային դարձնելուց հետո քրեական գործ հարուցվեց, սակայն, Սիրունյանի խոսքերով՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում չի կարող քննվել։
Փաստաբանն այդ մասին այսօր հերթական անգամ գրավոր դիմումով տեղեկացրել է նաև ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ վերջինիս հիշեցնելով, որ այդ գործը չի կարող քննվել Զինվորական քննչականում և նրա դատավարական ղեկավարման ներքո, այն պարզ պատճառով, որ ինքը՝ զինդատախազը և այդ քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող ՊՆ գնումների պատասխանատու Գագիկ Աֆրիկյանը քենակալներ են (բաջանաղ), իսկ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Մաիլյանը և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ փեսա-աներձագ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրունյանը։ «Այս քրեական գործը հարուցվել է իմ հարցազրույցներից մեկից հետո, որտեղ ես խոսել էի առայժմ՝ ռուսական կողմից արտոնյալ պայմաններով ռազմամթերք առաջարկելու և հայկական կողմից չարձագանքելու փաստով, սակայն շահագրգիռ կողմս, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի՝ փաստաբան Ա. Սիրունյանս, ունեմ նաև այլ տեղեկություններ, որը պետք է հայտնեմ քննությանը: Դրանք, մասնավորապես, վերաբերվում են «Զինվորին սնունդ» ծրագրում տեղի ունեցած չարաշահումներին, ռազմամթերքի գնման պլանները փոխելուն, 2018 թվականի հունիսի 14-ին պաշտպանության նախկին նախարարի կողմից օֆշորային ընկերությանը ապօրինի փոխառություն տրամադրելու և այլ բազմաթիվ դրվագներին»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ զինդատախազին ուղղված դիմումում կրկին առաջարկել է ձեռնարկել դատավարական միջոցներ այս քրեական գործի նախաքննությունը նախաքննական այլ մարմնին հանձնարարելու ուղղությամբ:
Սիրունյանն ասաց, որ այս մասին ավելի վաղ իրենք տեղեկացրել էին նաև գլխավոր դատախազությանը, որտեղից պատասխան են ստացել, թե ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը շատ ազնիվ մարդ է և գործի քննության ժամանակ շատ օբյեկտիվ է լինելու։ «Բայց դրանից հետո մենք երեկ պարզեցինք, որ ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանի բաջանաղ՝ ՊՆ գնումների պատասխանատու Գագիկ Աֆրիկյանը, այս գործով ցուցմունք է տվել և ասել է, որ ռուսական կողմից իրենք ունեցել են խաբար, որ կարող է Հայաստանը զենք վերցնել ռուսական կողմից, բայց քանի որ ռուսներից օֆիցիալ հայտ չի եղել մուտքագրված, իրենք այդ իսկ պատճառով չեն արձագանքել ռուսական կողմի առաջարկին։ Պատկերացնում եք, սա պատերազմի օրերին ՀՀ ՊՆ գնումների պատասխանատու Գագիկ Աֆրիկյանի ցուցմունքն է։ Մարդը ասում է, որ պատերազմի ժամանակ ռուսներից խաբար ստացել են, որ գնան զենք բերեն, բայց ռուսները օֆիցիալ դիմում մուտք չեն արել Բագրևանդի 5 հասցե (այդ հասցեում տեղակայված է ՀՀ ՊՆ վարչական շենքը – Ս. Հ․)»,-ասաց Սիրունյանը։
Փաստաբանի խոսքերով՝ սա աբսուրդ է, և Տոնոյանի հեռացմամբ ՀՀ ՊՆ-ում ոչ մի բան չի փոխվել, քանի որ թեև ձուկը նեխում է գլխից, բայց ձկան գլուխը կտրելով՝ նեխման պրոցեսը չի վերանում։ «Ե՛վ գնումներով, և՛ ֆինանսական հարցերով, և՛ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծառայությունները հիմա էլ ղեկավարում են նույն մարդիկ։ Այս պարագայում որևէ փոփոխություն ակնկալել հնարավոր չէ»,- եզրափակեց Սիրունյանը։









































