«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը երեկ քննադատել է իշխանությունների գործողությունները Կալինինգրադ քաղաքում, որտեղ առգրավվել էր Известия Калининграда թերթի ողջ տպաքանակը: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:
«Կենտրոնական իշխանությունների լուռ թողտվությամբ նրանք (տեղի իշխանությունները.- 1in.am) իրենց իրավունք են վերապահում վերահսկելու լուրերը և ինֆորմացիոն հոսքերը իրենց տարածաշրջանում՝ թույլ չտալով, որպեսզի անցանկալի հոդվածները հասնեն ընթերցողին»,- ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը դիմել է ռուսաստանյան իշխանություններին կոչով՝ հրաժարվել լրատվամիջոցներին ճնշելու նման քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալինինգրադի մարզում երկու օր առաջ բռնագրավվել էր տեղական «Известия Калининграда» թերթի ողջ տպաքանակը: Չնայած իշխանությունները պնդում էին, որ թերթի որոշ նյութեր ծայրահեղական բնույթ էին կրում, սակայն գերմանական DPA գործակալությունը կարծիք էր հայտնում, որ պատճառը առաջին էջում նախագահ Մեդվեդևի անհաջող նկարն էր:
Մեդվեդևը պատկերված է եղել ագահաբար ձմերուկ ուտելիս, և երևում էր նրա ժանիք ատամը: Թերթում քննադատվում էին մարզային իշխանությունները, և նրանց հրաժարականն էր պահանջվում: Հրապարակվել էր քաղաքացիների բաց նամակը նախագահին, որտեղ նոր նշանակված նահանգապետ Ցուկանովի հասցեին սուր քննադատություն կար:










































