«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
– Պարոն Շիրինյան, իշխանությունները հայտարարեցին, որ չկա արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործողություններ են հնարավոր նրանց հրաժարականը պահանջող ուժերի կողմից։
– Իհարկե, չկա արտահերթ ընտրությունների պահանջ, և այս որոշումը ճիշտ է։ Եթե այս խառնակ վիճակում չգնանք ընտրությունների, իշխանություններն էլ նորմալ աշխատեն, այդ բոլոր ուժերը կվերածվեն մարգինալների։ Այդ մարդկանց պետք է հարցնել՝ ինչո՞ւ չեք ուզում հերթական ընտրություններ, պատրաստվեք ընտրությունների։ Սոցիալական, քաղաքական, կազմակերպչական իմաստով Հայաստանում ընտրությունների ոչ մի հիմք չկա։ Խորհրդարանում չկա ճգնաժամ՝ անկախ նրանից՝ մեծամասնությունը լավ է աշխատում, թե վատ։ Թող որակն ու ռեֆորմներն արագացնեն։ Պետք է պատրաստվենք հերթական խորհրդարանական ընտրություններին, ոչ մի խնդիր չկա։
– Այդ ուժերը, թեկուզև մարգինալ, կարո՞ղ են արտասահմանադրական ճանապարհով գնալ, հեղաշրջման վտանգ կա՞։
– Պետությունն ունի համապատասխան գործիքակազմ։ Ընդհանրապես հայերի մեջ տարածված է, որ պետությունն ինչ-որ օգտվելու բան է։ Բայց այն ունի դաստիարակիչ, կազմակերպիչ, պատժիչ ֆունկցիաներ։ Դա վերաբերում է ցանկացած պետությանը։ Իսկ այդ ուժերը չունեն ժողովրդի աջակցությունը։ Մի գլխավոր հարց լուծված է՝ ժողովրդի մեջ նման ուժերը պահանջ չունեն, նրանք մարգինալ խմբեր են։
– Աղվան Վարդանյանը հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում է քաղաքականություն, ապա մինչև վերջ գնալու է ու հաջողություն է ունենալու։
– Մինչև վերջ գնա՝ փոսն է ընկնելու, դիմացը փոս է։ Քոչարյանը դեռ իր արածների համար պետք է պատասխան տա։ Դատարանը դեռ վճիռ չի կայացրել։ Պետությունն ունի՞ անվտանգության կառույցներ, թե՞ ոչ։ Իշխանության հանդեպ շանտաժն անթույլատրելի է։ Թող հասարակությունը պատրաստվի ու գնա նորմալ ընտրությունների։ Օտարների միջամտության հարց են ուզում առաջացնել։
– Իսկ կլինի՞ այդ միջամտությունը՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից։
– Ռուսաստանը զբաղված է Արևմուտքի հետ իր հարցերը պարզելով։ Ընդհանրապես, մեզ անընդհատ Ռուսաստանը կարող է խանգարել, մենք մեր գործը պետք է անենք։ Այսինքն՝ պատրաստվենք հերթական ընտրությունների։ Իսկ մնացած հարցերում պետությունն իր գործիքակազմը պետք է օգտագործի։







































