ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը կարծում է, որ հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ, որտեղ այս տարվա մարտից չեն դադարում հակառավարական բախումները և ցույցերը, որոնց ժամանակ պահանջում են գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:
Ռուսական Известия թերթին տված հարցազրույցում Ռոգոզինն ասել է, որ այդ արշավը կարող է դառնալ «արևմտյան լրատվամիջոցների գրոհի տրամաբանական շարունակությունը, երբ նմանատիպ քայլեր էին կատարվում հյուսիսաֆրիկյան պետությունների դեպքում»: Նրա խոսքերով՝ այդպիսի բան հնարավոր է եղել հատկապես այն երկրներում, որտեղ «իշխանության գլուխ գտնվող էլիտաների հայացքները չեն համընկնում Արևմուտքի քաղաքականության հետ»:
Ռոգոզինը հավելել է, որ Մոսկվան, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես մեկնաբանվեց ՄԱԿ-ում Լիբիայի վերաբերյալ բանաձևը, ամեն ինչ անելու է ռազմական ուղով իրադարձությունների զարգացումը կանխելու համար:











































