News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի կապակցությամբ հարցազրույց է տվել ռուսական RT, վրացական «Առաջին կովկասյան լրատվական» հեռուստաալիքներին և Эхо Москвы ռադիոկայանին։
Ի պատասխան այն հարցի՝ հնարավո՞ր է համարում Սաակաշվիլիին միջազգային տրիբունալին հանձնելը, Մեդվեդևը դրական պատասխան է տվել. «Եթե ինձ հարցնեին, ես դրական պատասխան կտայի։ Սակայն հաշվի առնելով այն, որ տվյալ հարցում հազիվ թե կարելի է հենվել միայն Ռուսաստանի դիրքորոշման վրա՝ կարծում եմ, որ ներկայումս դա անիրատեսական է»։
Մեդվեդևը հավելել է, որ վերջնական դատը կլինի պատմական, իսկ միջանկյալ դատը կանեն Վրաստանի ընտրողները։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև օրեր առաջ ԱՄՆ Սենատի կողմից վրացական բանաձևի ընդունմանը, ուր նշված էր, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքները, ինչի համար նրան կոչ էր արվում սեփական զորքերը դուրս բերել վրացական օկուպացրած տարածքներից.
«Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի «օկուպացման» մասին ԱՄՆ Սենատի այդ ձևակերպումները որևէ հիմք չունեն, դրանք արտահայտում են առանձին սենատորների կարծիքը, որոնք սուբյեկտիվ պատճառներով համակրում են այս կամ այն անձանց։ Այդ բանաձևը հետաքրքիր չէ Մոսկվայի համար, դա նրանց գործն է։ Դա արտասահմանյան խորհրդարան է, ես դրա հետ որևէ կապ չունեմ»։










































