Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ չեղարկում է հասարակական վայրերում դիմակների պարտադիր կրումը, որը ներդրվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Իր «Տելեգրամ» ալիքում նա գրել է, որ որոշումը կայացվել է «տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:
«Այնուամենայնիվ, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս դրանք կրել այն պատճառով, որ COVID-19-ի սպառնալիքը դեռ բարձր է ռիսկային խմբի անձանց և նրանց համար, ովքեր դեռ չեն հիվանդացել: Խորհուրդ է տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մի քանի օր շարունակել դիմակ կրել», – ասաց Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը նաև ասաց, որ իշխանությունները վերացնում են հանրապետության սահմաններով տեղաշարժվելու սահմանափակումները: «Սա կարևոր որոշում է մեր տարածաշրջանում զբոսաշրջիկների հետաքրքրության աճի պայմաններում»,- ասաց Չեչնիայի ղեկավարը: Օտարերկրյա քաղաքացիների մուտքը հանրապետություն փակ էր 2020-ի հուլիսից:









































