ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու հնարավորության կամ մտադրության մասին տեղեկությունից հետո, որը ինքը՝ Մակունցը, փաստացի չհերքեց, հայաստանյան քաղաքական դաշտը անցավ այդ նշանակման բուռն քննադատության: Քննադատության հիմնական փաստարկն այն է, որ կարևորագույն նշանակություն ունեցող երկրում դեսպան է նշանակվում դիվանագիտական և անգամ քաղաքական աշխատանքի փորձ չունեցող գործիչ: Դա իհարկե փաստարկ է, որը չի կարող լինել անհաջողության կանխավ և բացարձակ վկայություն, մյուս կողմից, սակայն, չի կարող չհամարվել բավականին ծանրակշիռ և հիմնավոր մտահոգություն: Այդ հարցին անդրադարձել ենք օրերս՝ նշելով, որ այդօրինակ նշանակման մտադրությունը թերևս պայմանավորված է նշանակողի՝ վարչապետի համար անձնական վստահելիության հանգամանքով, ինչը իր հերթին որոշակի քաղաքական ազդակ է Միացյալ Նահանգներին:
Ինչպես է Նահանգները արձագանքել կամ ինչպես կարձագանքի այդ ազդակին՝ սա այլ հարց է: Տվյալ պարագայում, սակայն, իրավիճակն ունի մեկ այլ, եթե ոչ՝ ավելի, ապա առնվազն ոչ պակաս կարևոր կողմ: Խոսքն այն մասին է, որ դեսպանի նշանակման մասին տեղեկությունը բուռն արձագանք առաջացրեց քաղաքական դաշտում, ընդդիմությունների շրջանում, բերեց քննադատության, թե ինչպես է հնարավոր այդ կարևորագույն ուղղությամբ նշանակել անփորձ գործչի: Իսկապես կարևոր է, որ Հայաստանի քաղաքական ուժերին այդքան մտահոգում է հայ-ամերիկյան հարաբերության և այդ ուղղությամբ աշխատանքի հեռանկարը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում որևէ բովանդակային անդրադարձ չեն կատարում այդ հարաբերությանը: Եթե, օրինակ, չլիներ դեսպանի թեմայով մեդիապատմությունը, հայկական քաղաքական օրակարգում կարծես թե չկար հայ-ամերիկյան հարաբերության թեմա: Այն հայտարարությունները, թե պետք է խորացնել, սերտացնել, լավացնել և այլն, քաղաքական իմաստով ոչինչ են, առավել ևս այժմ, երբ կա նոյեմբերի 9-ով կնքված ստատուս-քվո և Ռուսաստանի գերազդեցության հարց, որը Հայաստանի ճկունության համար կենսական է դարձնում անվտանգային և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան: Իսկ այստեղ հայ-ամերիկյան ուղղությունը կարևորագույններից մեկն է:
Բայց Հայաստանի քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը կարող է աղմկել դեսպանի նշանակման առիթով, սակայն որևէ այլ բովանդակային անդրադարձ չկատարել հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարին, այդ հարցով չհնչեցնել այս կամ այն գաղափարը, առաջարկը, պատկերացումը: Անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հոդվածը, որ Բայդենի պաշտոնամուտից հետո անդրադարձ էր նոր իրավիճակում հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարին և թերևս հայաստանյան քաղաքական օրգանիզմի զարկերակը շոշափելու փորձ, արժանացավ լռության, «զարկերակը չխփեց»:
Պատճառն անշուշտ պարզ է՝ բա որ Ռուսաստանը «քար գցի» որևէ արտահայտվողի քաղաքական բախտին: Դա է խոսուն լռության հիմքը: Այն դեպքում, երբ իրական քաղաքականության ռեժիմում հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի առումով պահանջվում է հենց բովանդակային այնպիսի գեներացիա, որի առանցքում հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերության առավելագույնս համադրման խնդիրն է: Որովհետև որևէ ողջախոհ մարդու համար անշուշտ պարզ է, որ երկու այդ հարաբերությունն առանց այդ էլ հակադրված են «ի աշխարհաքաղաքական բնե», և հայկական քաղաքական մտքից պահանջվում է առնվազն հայկական տիրույթում լիցքաթափել և գտնել համադրման կարողություն:










































