ԱԱԾ հաղորդագրություն է տարածել Դավիթ Գալստյանին բերման ենթարկելու մասին: Որոշում է կայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, ինչը պետք է հավանության արժանանա կամ մերժվի դատարանում: Դավիթ Գալստյանը Հայաստանին սպառազինության հայտնի մատակարարն է, որի անունը վերջին ամիսներին շրջանառվում է շատ հաճախ: Նա հայտնի է «Պատրոն Դավո» անվանումով:
Մամուլը նրան վերագրում է մտերմություն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ: ԱԱԾ հաղորդագրության համաձայն, Դավիթ Գալստյանը բերման է ենթարկվել առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու կասկածանքով: Արցախի դեմ թուրք-ահաբեկչական 44-օրյա պատերազմից հետո սա թերևս խոշորագույն քրեաիրավական գործողություն է, որ կատարվում է Հայաստանում: Դավիթ Գալստյանն իհարկե Հայաստան սպառազինության մատակարարման միջնորդությամբ զբաղվել է նաև ավելի վաղ, սակայն նրա գործունեության մասին հատկապես շատ է խոսվել վերջին ամիսների ընթացքում: Հաստատվելո՞ւ են կասկածները, թե ոչ, դատարանը հաստատելու՞ է կալանքի որոշումը, թե ոչ: 44 օրյա աղետալի պատերազմից հետո աղմկոտ քրեաիրավական գործընթացը կարո՞ղ է դառնալ պատերազմի և դրա շուրջ հայ հանրության և հայ ժողովրդի համար բազմաթիվ հարցեր պարունակող կծիկը քանդելու գործընթացի մեկնարկ, թե՞ այն մեկնարկած գործընթացի արդեն իսկ որոշակի նշանակալի հանգրվան է:
Մյուս կողմից, անշուշտ, պատերազմի հանգամանքը դիտարկել միայն սպառազինության մատակարարումների համատեքստում, կլինի մեծ մոլորություն և միամտություն: Մատակարարումների շղթայում կոռուպցիոն ռիսկերը կամ հափշտակությունների կասկածները մի հարթություն են, պատերազմի ռազմա-քաղաքական ծագումնաբանության շերտերը՝ այլ: Կապ կա դրանց մեջ, և որքան է այդ կապը խորը, պետք է պարզի իհարկե հանգամանալից ու համապարփակ քննությունը, թեև անկախ այդ ամենից՝ սպառազինությունների մատակարարման շղթայում կոռուպցիան պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատիժը, եթե գոյություն ունի: Որովհետև, այստեղ խնդիրը չի սահմանափակվում միայն պատերազմի կծիկը քանդելու և ամբողջապես տեղի ունեցածը հասկանալու հանգամանքով:
Բանն այն է, որ Հայաստանը ներկայումս կանգնած է ըստ էության գրեթե զրոյական վիճակից արդիական զինված ուժեր կառուցելու խնդրի առաջ, ինչը ենթադրելու է սպառազինության մատակարարումների ինտենսիվ գործընթաց: Եվ այդ գործընթացը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար իսկ շատ կարևոր է պարզել նախկինում եղած իրողությունների հետ կապված ռիսկեր: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ այդ ամենը չմնա կիսատ, ինչպես ըստ էության մնաց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ եղան սպառազինության մատակարարումների գծով աղմկոտ պաշտոնանկություններ ՊՆ-ում, սակայն այդպես էլ չեղավ որևէ պատասխանատուի վերաբերյալ դատարանի վճիռ:









































