ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա չեղարկել կորոնավիրուսով պայմանավորված մի շարք երկրներից Միացյալ Նահանգներ մուտքի սահմանափակումները, ինչպես հրամայել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ասել է Բայդենի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Իր առողջապահության հարցերով թիմի խորհրդով, վարչակազմը մտադիր չէ հունվարի 26-ին չեղարկել այդ սահմանափակումները»,- գրել է Փսակին Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով, Բայդենի վարչակազմն, ընդհակառակը, մտադիր է միջազգային ուղևորությունների հետ կապված խստացնել հանրային առողջապահությանը վերաբերող միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:
Փսակին նշել է, որ COVID-19-ի ավելի վարակիչ տարբերակներ են ի հայտ գալիս ամբողջ աշխարհում, ուստի սահմանափակումները չեղարկելու ժամանակը չէ:
Ավելի վաղ Թրամփը չեղարկել էր կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ մուտքի սահմանափակումները Շենգենյան գոտուց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից և Բրազիլիայից ժամանողների համար: