Երևանի Փափազյան փողոցի վրա գտվող 16 կրպակները, որոնցից մի քանիսի վարձակալության ժամկետը լրացել է, ապամոնտաժվելու են երեք օրից։ Այս մասին կրպակների սեփականատերերեին հայտնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը, ով այսօր այցեցել է Փափազյան փողոցի տվյալ հատված։
Ըստ Անտոնյանի՝ կրպակներն ապամոնտաժելու են՝ տարածքը կանաչապատելու և ոռոգման խողովակներ անցկացնելու համար։
«Մենք դիմել ենք քաղաքապետարան՝ իմանալու՝ կա՞ արդյոք նման որոշում։ Մեզ ասեցին, որ որոշումը վերաբերվում է միայն գույքագրմանը, այլ ոչ՝ ապամոնտաժելուն»,- «Առաջին լրատվականին» հայտնում է կրպակներից մեկի սեփականատեր Հակոբ Բաբոջյանը։
Կրպակների տերերը մեզ հայտնեցին նաև, որ վաղուց դիմել են քաղաքապետարան՝ վարձակալության ժամկետը երկարաձգելու խնդրանքով, սակայն պատասխան չեն ստացել։
Այս կրպակների շահագործողները կարծում են, որ խնդիրը բնավ կանաչապատում իրականացնելը չէ, այլապես քաղաքապետարանը թույլ չէր տա այգիներում շինությունների կառուցումը։ «Պարզ է, որ մեր մի քանի կրպակների բացակայության դեպքում, մարդիկ Սթարից Ֆրեշից և Սասից առևտուր կանեն։ Մենք խանգարում են նրանց բիզնեսին»,- ասում է կրպակներից մեկի տերը։









































