Պարսից ծոցի արաբական վեց երկրների առաջնորդներ ստորագրել են համերաշխության համաձայնագիր, որով փաստորեն վերջ է տրվում արաբական աշխարհի խոշոր կոնֆլիկտին՝ Կատարի դեմ բոյկոտին: Համաձայնագիրը ստորագրել են Կատարը, Սաուդյան Արաբիան և նրա չորս դաշնակիցները՝ ԱՄԷ-ն, Բահրեյնը, Օմանը և Քուվեյթը, որոնք 2017 թվականին դիվանագիտական բոյկոտ հայտարարեցին Կատարին՝ մեղադրելով իրանական վարչակարգի հետ գործակցելու, ահաբեկչություն հովանավորելու համար: Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտարարել է, որ արաբական աշխարհի համերաշխությունը կարևոր է նոր մարտահրավերներին, մասնավորապես իրանական միջուկային սպառնալիքին դիմակայելու համար:
Սաուդական Ալ-Ուլա քաղաքում ստորագրված համաձայնագիրը պետք է դասել միջազգային նշանակալի և ուշադրության արժանի իրադարձությունների շարքին, այդ թվում՝ Հայաստանի համար ուշադրության արժանի:
Արաբական աշխարհի վեց երկրների միջև ստորագրված և փաստորեն Կատարի շուրջ կոնֆլիկտին վերջ դնող համաձայնագիրը նոր իրավիճակ է մերձավորարևելյան ռեգիոնում և այդ թվում, մասնավորապես, Իրանի շուրջ:
Ներարաբական այդ համերաշխության ակտը պետք է դիտարկել նաև իսրայելա-արաբական կարգավորման գործընթացին զուգահեռ համատեքստում, որ իրականացվում է ԱՄՆ հովանու ներքո:
Միաժամանակ, գործընթացը ուշադրության է արժանի նաև Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների Թուրքիայի հանդեպ հակադիր վերաբերմունքի ֆոնին՝ նկատի ունենալով այն, որ Կատարի դեմ արաբական բոյկոտը մերձեցրել էր Անկարային ու Դոհային: Ինչ տեղի կունենա այժմ, արդյոք Անկարան կփորձի՞ արաբական աշխարհի հետ հաշտված Կատարի միջոցով հաշտության եզրեր փնտրել Սաուդյան Արաբիայի հետ, թե՞ Սաուդյան Արաբիային կհաջողվի կտրել Դոհան ոչ միայն Թեհրանից, այլև Անկարայից:
Ուժերի հարաբերակցության այդ վերադասավորումները բոլոր դեպքերում իրենց ազդեցությունն են թողնելու Հայաստանի և կենսական անվտանգային միջավայրերի վրա, ըստ այդմ՝ անկասկած է, որ Հայաստանը, ունենալով լրջագույն կենտրոնացում պահանջող խնդիրներ արցախյան հարցի ուղղությամբ, պարտավոր է գտնել մերձավորարևելյան և մասնավորապես արաբական աշխարհի հետ ինտենսիվ աշխատանքի ռեսուրս և իրականացնել այդ աշխատանքը անվտանգության լրացուցիչ շերտեր ձևավորելու ուղղությամբ:
Իհարկե, սա իր հերթին պահանջելու է նաև Իրանի հետ սերտ աշխատանք Թեհրանի խանդը չառաջացնելու համար՝ Իրանի համար հասկանալի դարձնելով, որ արաբական աշխարհի ուղղությամբ Հայաստանի ուշադրությունն ու ջանքը ուղղված են Թուրքիային զսպելուն: Ընդ որում, մի բան, որը, մեղմ ասած, երկրորդական խնդիր չէ նաև Իրանի համար՝ հաշվի առնելով արցախյան պատերազմն ու դրա հետևանքը:











































