Նոր մրցաշրջանի մեկնարկին պատրաստվող Մադրիդի «Ռեալ»-ը այսօր ընկերական խաղում 7:1 հաշվով պարտության մատնեց Չինաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Գուանչժոու»-ին:
Արքայական ակումբի կազմում աչքի ընկան Խեդիրան (6 ր.), Օզիլը (30 ր.), Բենզեման (38, 48 ր.), Ռոնալդուն (55 ր.), Խոսեն (70 ր.) և դի Մարիան (82 ր.): Չինական ակումբի միակ գոլի հեղինակը դարձավ Յան Ժուն (86 ր.):
«Ռեալ»-ն ընթացիկ նախապատրաստական փուլում արդեն 6 ընկերական հանդիպում է անցկացրել և 6 հաղթանակ տոնել:
Ամեն ինչ սկսվեց ամերիկյան ճանապարհորդությունից, որտեղ մադրիդցիներն առավելության հասան «Լոս Անջելես Գելեքսի»-ի (4:1), «Գվադալահարա»-ի (3:0) և «Ֆիլադելֆիա Յունիոն»-ի (2:1) նկատմամբ: Այդուհետ Մոուրինյոյի սաները Գերմանիայում 3:1 հաշվով հաղթեցին «Հերտա»-ին, Անգլիայում` 2:1 հաշվով «Լեյսթեր»-ին: Արդեն նշեցինք, որ այսօր «Արքայական» ակումբը ջախջախեց «Գուանչժոու»-ին, ևս մեկ հանդիպում Չինաստանում անցկացնելուց հետո «Ռեալ»-ը կվերադառնա Իսպանիա, որտեղ օգոստոսի 14-ին և 17-ին սուպերգավաթի համար կհանդիպի «Բարսելոնա»-ի հետ:








































