Տիգրանաշեն համայնքը ամբողջությամբ ընդգրկված է Արարատի մարզի վարչական տարածքում, մտնում է Պարույր Սևակ` Սևակավան համայնքի մեջ: Սուտ են բոլոր այն խոսակցությունները, թե Տիգրանաշեն համայնքը չի ընդգրկված Արարատի մարզի վարչական տարածքում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, որը մեր զրույցի ժամանակ Տիգրանաշեն համայնքում էր: Մարզպետն ասաց, որ համայնքում բնակիչների մոտ բացարձակ անհանգստություն չկա, քանի որ «նրանք չեն հավատում ամեն տեսակի, աղբ համարվող տեղեկատվության»: «Մեզ մոտ ոչ մի անհանգստություն չկա, ընդհանրապես նման քննարկում չկա ու չի լինի: Այդ խոսակցությունները մեդիա մանիպուլյացիաների շարքից են, ու դրանք տարածողները երևի իրենց ցանկությունների մասին են բարձրաձայնում, կամ ուզում են թուրքին ուղղություն տալ, թե Ադրբեջանը էլ ինչ հարցեր առաջ քաշի: Բայց իրենք շատ են սխալվում, քանի որ նման բան չի կարող լինել: Ես իմ ընկերների հետ գյուղում եմ, ոչ մի քննարկում, անհանգստություն չկա: Հանգիստ եղեք»,- եզրափակեց Թևոնյանը:
Հիշեցնենք, որ երկու օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում է հարցը, որ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը ևս հանձնվելու է Ադրբեջանին: Մարզպետարանի հերքումից հետո էլ քննարկումները շարունակվեցին, քանի որ պնդումներ եղան, որ համայնքը չի մտնում Արարատի մարզի վարչական տարածքի մեջ: Մասնավորապես, փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրառում էր կատարել, թե «Տիգրանաշեն համայնքը չի ընդգրկված Արարատի մարզի վարչական տարածքում, հետևաբար՝ այդ համայնքի հանձնվելը չի դիտվելու որպես Արարատի մարզի որևէ համայնքի անցում թշնամու վերահսկողության տակ»:







































