Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներ Ապարանի օրինակով բարձրաձայնում են, որ համայնքի ղեկավարները իրավունք չունեն վարչապետի հրաժարականի պահանջին միանալ համայնքի անունից: Համայնքի ղեկավարները, բնակիչների խոսքերով, պետք է խոսեն բացառապես իրենց անունից:
Ստեփանավանից և հարակից գյուղերից «Առաջին լրատվական»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պնդում էին, որ իրենց՝ «հասարակ ռանչպարների ձայնը լսելի չէ». «Երկրում իրավիճակը գերլարված է, և որպեսզի խուսափենք բախումներից, հարկավոր է, որ մեծամասնության կարծիքը լսելի լինի, ոչ թե համայնքի ղեկավարների, որոնք ամպագոռգոռ հայտարարություններ են անում և հաշվի չեն առնում անգամ ժողովրդի կարծիքը: Ոչ միայն ես, այլև մեր համայնքի, հարակից համայնքների մեծամասնությունը չի կիսում համայնքների ղեկավարների պահանջը: Մենք չենք ցանկանում նախկին կլանի վերադարձ: Մենք ինչ-որ մեկի կողմնակիցը չենք: Բոլորը սխալ են, բոլորը մեղավոր են, բայց նախկինների վերադարձ չպետք է լինի: Բայց հիմա ամեն ինչ դրան է տանում: Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ, ինչպես նախկինում ընտրությունների ժամանակ գալիս մարդկանց գումար էին բաժանում, այնպես էլ հիմա է կատարվում: Նույնը հիմա կատարվում է մեր Տաշիր քաղաքում: Կարի ֆաբրիկայի աշխատակիցներին աշխատանքից ազատման սպառնալիքով, գումար բաժանելով տանում են ցույցների»,- ասաց խմբագրություն զանգահարած Ստեփանավան համայնքի բնակիչներից մեկը:
Նշենք, որ երեկ էլ Ապարանի բնակիչներն էին ակցիա իրականացնում և պահանջում էին այն համայնքի ղեկավարների հրաժարականը, ովքեր համարձակվել են իրենց անունից հայտարարություններ անել և միանալ վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերին: Ապարանի գյուղերից մեկի ղեկավարն անգամ հրապարակավ ներողություն խնդրեց իր բնակիչներից՝ ասելով, որ զղջում է իր արածի համար և շարունակում է մնալ իր ժողովրդի կողքին:
Նույն պատկերն է նաև Արարատի մարզում: Այդ իսկ պատճառով համայնքների ղեկավարները սկսել են պնդել, որ հայտարարությունը տարածել են բացառապես իրենց անունից, և վարչապետի հրաժարականի հարցը չեն քննարկել ո՛չ ավագանու, ո՛չ էլ համայնքի բնակիչների հետ:
Նշենք, որ վարչապետի հրաժարականի պահանջին միացել են հիմնականում այն համայնքի ղեկավարները, քաղաքապետները, որոնք առ այսօր ՀՀԿ-ական են, սերտ կապերի մեջ են նախկին իշխանությունների հետ, ընտրվել են նրանց օրոք, կամ անցնում են տարբեր քրեական գործերով:
Այս տարվա նոյեմբերի 24-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը իշխանությունների հրաժարականը չի պահանջում և անընդունելի է համարում այս փուլում նման պահանջներ առաջ քաշելը.«Ես իշխանությունների կողքին կանգնած եմ, ինչքան հնարավոր է աշխատում ենք մեր ժողովրդի համար, մեր քաղաքի համար։ Չեմ կարծում, որ այս ծանր վիճակում նման մոտեցումը ճիշտ է ընդհանրապես։ Հետպատերազմյան վիճակում ենք գտնվում, լուրջ խնդիրներ ունենք, հազար հոգս ունենք հոգալու և քաղաքացիների, և փասխստականների, զոհվածների, վիրավորների ընտանիքներ կան…այս վիճակում բացարձակապես կողմնակից չեմ նման բաների»,-ասաց Գրիգորյանը։
Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը ասաց նաև, որ տեղեկություն չունի մարզի բնակիչներին գումարի դիմաց, կամ պարտադրանքով հանրահավաքներ տանելու վերաբերյալ։ «Կոնկրետ Ստեփանավան համայնքի ու հարակից գյուղական համայնքների վերաբերյալ բացարձակ նման բան չեմ լսել։ Եթե մեր համայնքում լիներ, միանշանակ տեղեկացված կլինեի, բայց չեմ լսել։ Իսկ ինչ վերաբերում է այլ համայնքների, մարզի այլ քաղաքներին, ապա չեմ կարող ասել։ Այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,-եզրափակեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Ստեփանավանի քաղաքապետի ԺՊ նշանակվեց այն բանից հետո, երբ այս տարվա նոյեմբերի 1-ին կորոնավիրուսային հիվանդությունից, 61 տարեկան հասակում մահացավ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Նա ավելի քան 7 տարի զբաղեցնում էր Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը:







































