ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չունեն սկզբունքային տարաձայնություններ: Միաժամանակ, Սերգեյ Լավրովը ասել է, թե ոչ սկզբունքային տարաձայնություն ունենում են, բայց նաև գիտեն այն արագ հարթելու ձևը: «Բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում», ասել է ՌԴ արտգործնախարարը: Կովկասում տարաձայնությունները Ռուսաստանն ու Թուրքիան հաղթահարում են պատերազմով: Նրանցից յուրաքանչյուրն ունի պատերազմի իր հաշվարկն ու պատկերացումը: Պարզապես, կողմերի բնույթը և ուժերի փոխհարաբերությունն այնպիսին է, որ նրանք միմյանց սկսում են լավ հասկանալ հենց պատերազմի լեզվով: Ռուս-թուրքական հարաբերությունն այդ իմաստով 21-րդ դարի թերևս իսկապես բացառիկ հարաբերության օրինակ է, թե ինչպես կողմերը չեն կարողանում խոսել միմյանց հետ մարդկային պարզ լեզվով և միմյանց հասկանում են միայն ռեգիոնալ մեծ արյունահեղությունների պարագայում: Դա հետադեմ կայսրությունների կամ կայսերական հետադեմ բարդույթների հատկանիշ է: Արցախի դեմ սանձազերծված արյունահեղությունը սկսեց, երբ Ռուսաստանն ու Թուրքիան սկսեցին չհասկանալ միմյանց, վաղեմի պայմանավորվածությունները բարոյական և քաղաքական իմաստով սկսեցին կորցնել ուժը: Դա ակնառու էր նախորդող երկու-երեք ամիսներին Անկարայի կոշտ ազդակներից, որոնց տողատակում թափանցիկ ուրվագծվում էր արցախյան հարցում պլանային պայմանավորվածություններից շեղվելու համար Մոսկվային հղվող մեղադրանքը կամ դիտողությունը: Իսկ Արցախի հարցը դա հայկական մեծ հարցի մի մասն է: Հայկական մեծ հարցը՝ ռուս-թուրքական հարաբերության հիմքը:
Մոսկվան իր հերթին դեմ չէր պատերազմին, որպես ռեգիոնալ ազդեցության անկումը կասեցնելու վերջին միջոց, բայց պայմանով, որ այն սկսելու պատասխանատվությունը մնա Թուրքիայի վրա: Իր պատասխանատվության առումով ՌԴ նախորդող երկու տարիներին լուծել էր գլխավոր խնդիրը՝ հայ հասարակության առաջ ունենալիք «ալիբին»: Ալիբին ապահովվել էր Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան դիմակայություն ստեղծելու միջոցով: Մնում էր վերցնել ռազմավարական դադար ու սպասել, թե էրբ է հատելու Էրդողանի համբերությունը, հատկապես Թրամփի պարտության հեռանկարի ուրվագծվելուն զուգահեռ: Էրդողանը և Ալիևը կուլ տվեցին խայծը՝ խայծը հայկական կյանքերի և Արցախի տարածքների զգալի մասի տեսքով: Մինչև հասան Ռուսաստանի հետ սկզբունքային անհամաձայնության: Նրանք ակնկալում էին վերցնել ամբողջ Արցախը: Ռուսաստանի պլանն այլ էր՝ զիջել հայերի հաշվին, մինչև անդառնալիության կետ, երբ արդեն կարող է դնել իր կենսական շահերի խնդիր, ստիպելով Անկարային հետ քաշվել, իսկ Բաքվին՝ ստորագրել Արցախ ՌԴ ռազմական մուտքի իրավունքը: Այդպիսով, Մոսկվան Անկարային կանգնեցրեց սկզբունքային տարաձայնության կետում, հասկացնելով, որ հակառակ դեպքում այլևս չունի Բաքվին ուղիղ հարվածից զերծ մնալու մոտիվ: Էրդողանը խուլիգան է, բայց ոչ խելագար: Նա լավ է պատկերացնում, որ Անկարան հասել է Մոսկվայի հանդեպ մարտավարական մրցունակության և անգամ առավելության, սակայն բանը ռազմավարական մասշտաբի ռազմական բախման հասցնելու պարագայում Թուրքիան չի լինի դիմադրունակ:
Մեծ հաշվով, նոյեմբերի 9-ից միացել է ոչ թե ռուս-թուրքական համաձայնության, այլ նոր սկզբունքային տարաձայնության հաշվիչը, ինչը ժամանակի ընթացքում մեծացնելու է այդ տարաձայնությունը դարձյալ հայկական շահերի ու անվտանգության հաշվին հարթելու լավրովյան տրամաբանությամբ «օրինակելի» պայմանավորվածության սպառնալիքը: Այդ տարաձայնության հաշիվը ցավով ու ողբերգությամբ արդեն մի քանի անգամ փակել է հայ ժողովուրդը: Այդ ողբերգական «օրինաչափությունից» դուրս գալու հրամայականի ֆոնին, հայկական ներքաղաքական կյանքը շարունակում է գտնվել ներքին «մանրածախ» կամ «մեծածախ» օրինաչափությունների տիրույթում:











































