Հայաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։ Արդարադատության նախարարության հեղինակած օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ հակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։ Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման գաղափարը լավն է համարում, բայց թերահավատ է, որ այս իշխանության օրոք որևէ բարեփոխում կարող է կյանքի կոչվել։ «Այս քաղաքական ուժը մինչ օրս որևէ բարեփոխում չի կատարել, չի կատարելու և առհասարակ ի զորու չէ կատարելու։ Հատկապես, եթե խոսքը վերաբերում է դատաիրավական ոլորտին, ապա մենք 2.5 տարի է՝ աճպարարությունից բացի, որևէ լուրջ բան չենք տեսել։ Որևէ նախաձեռնություն, որևէ բարեփոխման անվան տակ կատարված գործողություն արդյունք չի տվել, և չեմ էլ ակնկալում, որ այս քաղաքական ուժը ի զորու է ինչ-որ բան փոխելու։ Չենք ունենալու ոչ մի արդյունք։ Երբ համակարգը չի փոխվում, այլ համակարգի մեջ ինչ-որ դետալներ են փոխվում, ապա մնալու ենք արատավոր համակարգի մեջ, և այդ արատավոր համակարգը խժռելու է ցանկացած լավ նախաձեռնություն, որը կործանման է տանելու»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ ամբողջ համակարգն էր պետք փոխել, և պետք էր սկսել նոր Սահմանադրության ընդունումից։ Իսկ եթե ամեն ինչ տեղավորվում է գործող համակարգի տրամաբանության մեջ, և այդ կոսմետիկ փոփոխություններն էլ կատարում է այս քաղաքական թիմը, փաստաբանի խոսքով, ցանկացած փոփոխություն դատապարտված է անհաջողության։
Այս դիտարկումներից զատ, Պապիկյանի խոսքով, մասնագիտացված դատարանների ստեղծումը առհասարակ շատ լավ քայլ է, դա արագացնում է գործերի արագ քննության հարցը, նպաստում է ավելի արդյունավետ և արդար դատական ինստիտուտ ունենալուն։ «Այս առումով ճիշտ կլինի գնալ դրան, որդեգրել այդ ճանապարհը, բայց դրա համար պետք է ունենալ նորմալ դատական համակարգ»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ գործող դատական համակարգի պայմաններում որևէ լուրջ արդյունք ակնկալել հնարավոր չէ. ներկա դատական համակարգի պայմաններում այդ դատավորներին մի աշխատասենյակից հանելով և մյուս աշխատասենյակ տեղափոխելով ոչինչ չի փոխվելու:
«Երբ որ մեծ հաշվով նույն անձինք շարունակելու են պաշտոնավարել, X աթոռից տեղափոխվելու են կողքի սենյակ և նստեն Y աթոռին ու աշխատեն նոր օրենքով կամ ուրիշ անուն ունեցող դատարանում, դա ուղղակի անլուրջ է և ինքնախաբեություն, ինչպես նաև պետության ռեսուրսների մսխում։ Մենք ոչ թե բարեփոխումների, այլ նոր համակարգ կառուցելու խնդիր ունենք։ Մենք դա չենք անում և գործող արատավոր համակարգով ներսի արատավոր մարդկանց պաշտոնից պաշտոն ենք տեղափոխում և անունը դնում ենք բարեփոխում։ Այդպես չեն բարեփոխում»,- ասաց Պապիկյանը։
Փաստաբան Արտաշես Խալաթյանը հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը կարևոր ռեֆորմ է համարում, բայց ընդգծում է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխուների իրագործումը պետք է լինի մեկ փաթեթով և ունենա տրամաբանական ամբողջականություն։ Կիսատ-պռատ բարեփոխումների իրականացումը, նրա խոսքով, կարող է բերել որոշակի ինստիտուցիոնալ հակասությունների:
«Օրինակ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի անդամների վեթինգի ցանկացած դատական ռեֆորմ չի կարող լինել ամբողջական և արդյունավետ, քանի որ բոլոր դեպքերում ԲԴԽ-ն մեծ ազդեցություն ունի դատավորների կարգապահական վարքագծի վրա։ Սա մի օրինակ է, թե ինչպես առանց համակարգային փոփոխության կարող են անարդյունավետ դառնալ ամենալավ ռեֆորմները։
Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն էլ շատ կարևոր ռեֆորմ է, սակայն ինչպես ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, այնպես էլ սա ժամանակային մեծ տարբերությամբ են իրագործվում, ոչ մեկ ամբողջական փաթեթով, հետևաբար արդյունավետության, իրագործման առումով կարող են խնդիրներ առաջանալ։ Կրկնում եմ՝ խնդիրը դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ոչ ինստիտուցիոնալ մոտեցումն է»,- ասաց Խալաթյանը։
Փաստաբանի խոսքով՝ եթե ստեղծվում են հակակոռուպցիոն դատարանները, ապա պետք է համապատասխան իրավակարգավորումներով ամրագրվի, որ գործող դատավորներից և ոչ մեկը չկարողանա նշանակվել հակակոռուպցիոն դատարանի դատավոր: «Գործող դատական համակարգում եթե վեթինգ չի իրականացվել, ապա ներկա դատական համակարգի բոլոր դատավորներին պետք է մոտենալ մեղավորության կանխավարկածով։ Հետևաբար որևէ գործող դատավոր չպետք է նշանակվի հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այդ դատարանի դատավորները պետք է «դրսից» մարդիկ լինեն, որոնք որևէ առնչություն ունեցած չեն լինի ներկա դատական համակարգի հետ»,- եզրափակեց Արտաշես Խալաթյանը։
Նշենք, որ հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետական բյուջեից նախատեսվում է ծախսել 3 միլիարդ 22 միլիոն դրամ կամ մոտ 6 միլիոն դոլար։









































