Նախընտրական ակտիվություն չկա, որովհետև Հայաստանում նախընտրական պրոցես չկա, որ նախընտրական ակտիվություն լինի: Մեզ մոտ նախընտրական ակտիվություն լինում է ընտրություններից առաջ, իսկ ընտրությունները լինելու են հաջորդ մայիսին: Խոսելով ամռան այս թեժ օրերին «Հանրապետական» կուսակցության ծավալած գործունեության մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը, ինչպես բոլոր մյուս ամիսներին, «հանգիստ, նորմալ իր աշխատանքներն է իրականացնում»:
«Շրջանային նոր կառույցներ չենք բացել, որովհետև բոլոր տարածքներում վաղուց ենք բացել շրջանային կառույցներ: «Հանրապետականի» տարածքային և շրջանային կառույցները, լինի ամառ, թե ձմեռ, աշխատում են: Կուսակցությունն առօրյա աշխատանքներ է իրականացնում»,- նշեց Է.Շարմազանովը՝ նկատելով, որ, ի տարբերություն մյուս կառույցների, «Հանրապետականը» ընտրությունից ընտրություն չի ակտիվանում կամ ընտրությունների ժամանակ նոր գրասենյակ բացում:
«Ամեն կուսակցություն ունի իր մարտավարությունն ու ռազմավարությունը, իր խնդիրներն ու անելիքները: Մենք իրականացնում ենք մեր առօրյա կազմակերպչական աշխատանքները: Սովորական աշխատանքային հունի մեջ է կուսակցությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե այն մարդիկ, ովքեր մեկնել էին արձակուրդի, վերադառնում են, մյուսներն են գնում:








































