Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում պայթեցվել է մեքենա, որը կայանած է եղել ասորական կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Տեղի ոստիկանության խոսքերով՝ վիրավորվել է մոտ 20 մարդ, որոնց թվում են հոգևորականներ և հարակից տների բնակիչներ: Պայթուցիկ սարքի հզորությունն այնքան մեծ է եղել, որ վնասվել է մոտ 30 տուն: Նշվում է նաև, որ առնվազն երկու հոգի գտնվում են կրիտիկական վիճակում: Դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել ևս 2 մեքենա, որոնք բեռնված են եղել պայթուցիկով: Այդ մեքենաները նույնպես կայանած են եղել տեղի քաղաքի եկեղեցիների մոտ: Ռադիոկայանը նշում է, որ 2003 թ. քրիստոնյաների դեմ իրականացված բռնությունների հետևանքով Իրաքը լքել է մոտ 1 միլիոն քրիստոնյա:











































