Ամերիկյան Forbes ամսագիրը երկուշաբթի օրը հրատարակել է Հոլիվուդի ամենավարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը: Այն գլխավորում է Լեոնարդո Դի Կապրիոն, որը անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը վաստակել է 77 մլն դոլար:
Հիմնական եկամուտը նա ստացել է «Անիծյալների կղզի» և «Սկիզբ» ֆիլմերից, որոնք վարձույթից հավաքվել է 1 մլրդ դոլար: Շուտով էկրաններին կհայտնվի Քլինթ Իսթվուդի «Էդգար Հուվեր» ֆիլմը, որտեղ Դի Կապրիոն հանդես կգա Հետաքննությունների դաշնային բյուրոյի հանրահայտ ղեկավարի կերպարում: Բացի այդ, նա խաղալու է գլխավոր դերը Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմում, որը նկարահանվելու է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն օգոստոսին:
Ցուցակի երկրորդ հորիզանականը 50 մլն դոլարով զբաղեցնում է նախորդ տարվա առաջատար Ջոնի Դեպը, որը շարունակում է գումարներ ստանալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի Ջեկ Ճնճղուկի դերի համար:
Երրորդ տեղում է Ադամ Սենդլերը, որը վերջերս Ջենիֆեր Էնիսթոնի և Նիքոլ Քիդմանի հետ նկարահանվել է «Քեզ ձևացրու իմ կինը» ֆիլմում: Նրա եկամուտը կազմում է 40 մլն դոլար:
Նրանց հետևում են Ուիլ Սմիթը 36 մլն դոլարով և Թոմ Հենքսը, որն իր 35 մլն դոլար գումարը վաստակել է մեծամասամբ «Խաղալիքների պատմությունը» մուլֆիլմերի շարքում կովբոյ Վուդիին հնչյունավորելու համար:









































