Համաճարակաբանական առավել բարդ իրադրություն ունեցող երկրներից Իսպանիա ժամանող ճանապարհորդները բացասական ՊՇՌ-թեստի բացակայության դեպքում տուգանք են վճարելու մինչեւ 6 հազար եվրո: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան:
Նոյեմբերի 23-ից համաճարակաբանական առավել բարդ իրադրություն ունեցող երկրներից Իսպանիա ժամանող ճանապարհորդները պարտադիր կարգով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստ:
Ցուցակում տեղ են գտել 65 երկրներ, որտեղ վարակման մակարդակը վերջին 14 օրվա ընթացքում 150-ից ավելի է՝ 100 հազար բնակչության հաշվով. դրանց թվում են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիության գրեթե բոլոր երկրները (բացի Ֆինլանդիայից, մասնակիորեն Հունաստանից և մասնակիորեն Նորվեգիայից):
ԱԳ նախարարի խոսքով՝ ավիափոխադրողները պետք է ստուգեն թեստերի առկայությունը, «թեև դա պարտականություն չէ, այլ հանձնարարական»:
«Իսպանիա ժամանելուց հետո մարդը պետք է ներկայացնի մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ցույց տա, թե ուղևորն ունի արդյոք ՊՇՌ-թեստի արդյունքները, եթե ոչ՝ հարկավոր կլինի, որ նա դա անի և տուգանք վճարի: Դրանք մեծ տուգանքներ են՝ մինչև 6 հազար եվրո»,-պատմել է Արանչա Գոնսալես Լայան հարցազրույցում: Նրա կարծիքով՝ քաղաքացիները պետք է «պատասխանատվություն ստանձնեն անվտանգ տեղաշարժման և անվտանգ զբոսաշրջության երաշխիքին ուղղված այդ ջանքերի համար»:
Իսպանիայում համավարակի սկզբից ի վեր պաշտոնապես գրանցվել է COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 1,4 միլիոն դեպք, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 237 հազար դեպք (100 հազար բնակչի հաշվով՝ 504), մահացել է 40,5 հազար մարդ, որոնցից վերջին օրվա ընթացքում՝ 1295: Ավելի վաղ Իսպանիա մուտք գործելու համար ճանապարհորդները պետք է բուժզննում անցնեին. անցկացվում էր ջերմաչափում և «տեսազննում»: Այդ միջոցները նույնպես ուժի մեջ են մնում։






































