Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը կոչ է արել Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանի բնակիչներին չհանել գույքը իրենց տներից, քանի որ այդ շրջանների տարածքների հանձնման եւ այդ համատեքստում ժամկետների հարցերը չեն քննարկվել Արցախի իշխանության հետ:
Հիշեցնենք, որ ըստ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջան եռակողմ համաձայնագրի, մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է հայկական ուժերը դուրս բերվեին Շահումյանի շրջանից կամ Քարվաճառից: Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը վկայում է, որ իրավիճակ կամ առնվազն ժամանակացո՞ւյց է փոխվում: Ընդհանրապես, ստորագրված համաձայնագրի առումով թերեւս ակնառու է մի բան, որ որոշակի է պատերազմի դադարեցումն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը: Իսկ հետագա նախանշված քայլերը որոշակի չեն:
Այսինքն՝ կան նախանշումներ, սակայն դրանք որոշակի չեն: Օրինակ՝ ինչ է լինում, եթե չեն պահպանվում ժամկետները, կամ եթե փոխվում է ինչ-որ տրամաբանություն:
Բանն այն է, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո բարդ է պատկերացնել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետեւ այդ դեպքում ռուս խաղաղապահները կհայտնվեն կրակի տակ, իսկ Ռուսաստանը կստանա նրանց ամբողջ ուժով պաշտպանելու լեգիտիմ հնարավորություն: Ի վերջո, նրանք չեն մտել, որ դուրս գան, այսպես ասած, առաջին խափանումից հետո:
Ավելին՝ Ռուսաստանի պաշտոնյաները հայտնում են, որ պատերազմի դադարեցումից եւ խաղաղապահների տեղակայումից հետո պետք է լինեն լայն բանակցություններ: Ավելին՝ անգամ խաղաղապահների տեղակայման գործառույթների, պարտականությունների իմաստով պետք է լինեն հստակ որոշումներ, ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակը՝ նշելով, որ դեռեւս լիարժեք որոշված չէ նրանց իրավասությունների շրջանակը: Մասնավորապես, նա նկատի է ունեցել այն, թե արդյո՞ք պետք է պաշտպանեն եւ վերահսկեն ոչ միայն հրադադարը, այլեւ կրոնական եւ մշակութային օբյեկտները:
Սա եւս հետաքրքիր հայտարարություն է, որովհետեւ այդպիսի օբյեկտներից մեկն էլ Շահումյանի շրջանում է, որը պաշտպանության կարիք կունենա, եթե այնտեղ հայտնվեն ադրբեջանցիներ: Ըստ այդմ՝ Պեսկովի հայտարարությունն էլ վկայում է, որ համենայնդեպս առայժմ ամենեւին որոշակի չէ, որ այնտեղ կհայտնվեն հենց ադրբեջանցիներ:
Հնարավոր է, որ շրջանը հայկական ուժերից անցնի ռուս խաղաղապահների: Համենայնդեպս, կա դրա տրամաբանական անհրաժեշտությունն ու հիմնավորումը:
Այդպիսով, նշմարվում է առաջին օրվա իրավիճակի փոփոխության թույլ, բայց կարեւոր միտում, որը պետք է զարգացնել արագ դիվանագիտական աշխատանքով: Դրա հնարավորությունները եւ ռեսուրսները կան:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































