Երեկ արևմտյան երկրները խորհրդակցությունների ժամանակ տարածել են Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ նոր բանաձևի նախագիծ՝ այդ երկրի կառավարության գործողությունների քննադատությամբ: Նրանք պնդում են, որ այս բանաձևը պետք է ընդունվի առաջիկա 48 ժամերի ընթացքում, քանի որ Սիրիայի կառավարությունը շարունակում է սեփական ժողովրդի սպանդը:
Ռուսաստանը կարծես փորձում է դարձյալ խոչընդոտել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվող բանաձևի ընդունումը: Երեկ այդ երկրի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է՝ «եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շարժվի այն ուղղությամբ, որ ջանքերը ուղղվեն ընդհանուր մոտեցում ցուցաբերելուն, ապա մենք արդեն վաղը լավ արդյունք կունենանք»: Մինչ այդ նա ասել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է աջակցի ներսիրիական կարգավորմանը, այլ ոչ թե հակամարտության սրմանը:
Այսօրինակ հայտարարություններ ՌԴ ներկայացուցիչն արել էր նաև ամիսներ առաջ, երբ տապալվել էր հերթական բանաձևի ընդունումը: Պետք է նշել, սակայն, որ ՌԴ արտգործնախարարությունը Սիրիայում արդեն մի քանի ամիս տևող բախումների ընթացքում առաջին անգամ քննադատել է Սիրիայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները:








































