Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում աճում է ճագարի մսի պահանջարկը, որի պատճառներից մեկը զբոսաշրջության զարգացումն է։ «Ագրո զարգացման խմբի» տվյալներով՝ վերջին 10 ամիսներին Վրաստանում զգալիորեն աճել է ճագարային տնտեսության նկատմամբ հետաքրքրությունը։
Կազմակերպության PR մենեջեր Ռուսուդան Գիգաշվիլիի խոսքերով՝ նախորդ տարի ճագարի միսը մեծ պահանջարկ է վայելել հատկապես ռեստորաններում ու սուպերմարկետներում, սակայն առաջարկը հետ է մնացել պահանջարկից.
«Հենց այդ պատճառով էլ մեր ֆերմերներին հետաքրքրել է ճագարաբուծության ոլորտը, առավել ևս որ ճագարային տնտեսությունն իրենից չի պահանջում մեծ ծախսեր և լավ եկամուտ է ապահովում»։
Կազմակերպության տվյալներով՝ ճագարաբուծությամբ զբաղվող նոր ֆերմերների քանակն ամսեկան ավելանում է 30-60-ով։ Վրաստանում ճագարի մսի միջին արժողությունը կազմում է 6-8 լարի (1 լարին հավասար է 0.64 ամերիկյան դոլարի), առքի գինը՝ 10-12 լարի, իսկ վաճառքի գինը՝ 17-28 լարի։









































