Կառավարության կողմից եկեղեցական տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային սահմանելու երևույթը մեծ շղթայի մի օղակ է, որը բավականին երկար ժամանակ իրականացվում է կառավարության և վարչապետի կողմից, և որի հիմնական նպատակն է ապահովել եկեղեցու ավելի մեծ ինտեգրացիան պետական կյանքում: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը, նշելով, որ դա արվում է ի հեճուկս Սահմանադրության, ըստ որի՝ եկեղեցին և պետությունը միմյանցից անջատված են և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է:
Ա.Ավթանդիլյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի այն խոսքը, թե եկեղեցի-պետություն բաժանման հասկացությունն արդեն հնացած և արխայիկ է. «Դա ասում է մի գաղափարի մասին, որի համար Եվրոպայում 200 տարի արյուն է թափվել, որ եկեղեցին վերջապես բաժանվի բուն պետությունից: Իրեն իրապես աշխարհիկ համարող երկրում չի կարող արդարացում գտնվել այս քանակությամբ պետական կարգավիճակ ստացած պետական տոներին»:
Ա.Ավթանդիլյանի խոսքով, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ամենի նախաձեռնողն ավելի շատ կառավարությունն է, թե՞ Արարատյան թեմի հոգևոր խորհրդի ատենապետը. «Կառավարությունը չի մերժում ոչինչ, ինչ առաջարկում է եկեղեցին, լինի դա նվիրատվություն, թե այլ բան: Կառավարությունը չի փորձում նույնիսկ առարկել: Օրինակ՝ ո՞ր երկրում է հնարավոր տեսնել, որ հոգևոր իշխանությունը՝ կաթողիկոսը, օրհնի պետական ինստիտուտների նորակառույց շենքերը, կամ դիպլոմներ հանձնեն մանկավարժականի շրջանավարտներին: Այստեղ տեսնում ենք հստակ քայլեր, որոնց հիմնական նպատակը նույնն է՝ պետական կյանքի մեջ կրոնական գործոնի չափն ավելի ու ավելի մեծացնելը»:
Եկեղեցին ունի մի շարք ֆինանսական արտոնություններ՝ ազատված է հարկերից, մաքսատուրքից, կոմունալ վճարներից, չի ներկայացնում կատարողական հաշվետվություն իր եկամուտների և ծախսերի հետ կապված, վերջին շրջանում հոգևորական այրերին ուղեկցող սկանդալները մեծապես ունեն ֆինանսական ու նյութական հիմքեր: «Փաստացի եկեղեցին ՀՀ-ում դարձել է տնտեսական դերակատար»,- արձանագրեց Ա.Ավթանդիլյանը:









































