Ֆրանսիայի իրավապահները Նիցցայում բերման են ենթարկել երկրորդ անձին, որը կապ է ունեցել հարձակվողի հետ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը կարող էր կապ ունենալ Նիցցայի եկեղեցում հարձակումը կատարողի հետ: Ենթադրվում է, որ ձերբակալվածը ահաբեկչին տեսել է հարձակման նախորդ օրը:
Հոկտեմբերի 29-ին Նիցցայում դանակով զինված տղամարդը Նոտր-Դամ եկեղեցում հարձակվել էր մարդկանց վրա։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ եկեղեցու պահակը։ Ինչպես հայտնել է Նիցցայի քաղաքապետը, հարձակվողն անդադար կրկնում էր «Ալլահ Ակբար»։ Հարձակման հետաքննությամբ զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը։