Մեծ Բրիտանիան պաշտպանում է Կիպրոսի դիրքորոշումը Արևելյան Միջերկրական ծովի իրադրության շուրջ և իր օգնությունն է առաջարկում Նիկոսիային՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի օրը արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ զրույցում:
«[Միացյալ Թագավորության] Վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան զրուցել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ վերահաստատելով Միացյալ Թագավորության և Կիպրոսի ամուր կապերը: Նրանք քննարկել են իրենց ընդհանուր մտահոգությունները Արևելյան Միջերկրական ծովում լարվածության և Լիբիայի ճգնաժամի վերաբերյալ:
Վարչապետը աջակցություն է հայտնել Կիպրոսի դիրքորոշմանը և Միացյալ Թագավորության աջակցությունն է առաջարկել՝ իրավիճակի դեէսկալացիայի և լարվածությունը թուլացնելու համար», – ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Ջոնսոնը նաև կոչ է արել Կիպրոսի նախագահին վերսկսել բանակցությունները՝ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: