Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հոկտեմբերի 20-ին առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագիր կստորագրեն: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է The Jerusalem Post- ը՝ հղում անելով հրեական պետության վարչակազմի աղբյուրներին:
Պարբերականի համաձայն՝ փաստաթուղթը կստորագրվի Էմիրությունների ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարների Իսրայել այցի ընթացքում: Նշվում է, որ համաձայնագիրը կլինի իր տեսակի մեջ առաջինը երկու երկրների միջև:
Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր ստորագրեցին՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Իսրայելի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին հաստատեց համաձայնագիրը, և այժմ այն պետք է վավերացվի հրեական պետության կառավարության կողմից: Հոկտեմբերի 19-ին ԱՄԷ նախարարների խորհուրդը հավանություն տվեց երկու երկրների միջև խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին:








































