Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները: Այս մասին Լավրովը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:
«Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք թույլ չտվեցին փոխել իրավիճակը գետնի վրա: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առաջին հերթին մեր պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակահատվածում կհամաձայնեցվի նման մեխանիզմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: