ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել նույն դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հաղորդագրությունը՝ ստորեւ.
Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:
Քվեարկության արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով:
Հիշեցնենք՝ 2018 թվականից Վճռաբեկ դատարանը նախագահող դատավոր Երվանդ Խունդկարյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու նպատակով, սակայն ձայների բավարար քանակ չհավաքեց: Դրանից հետո Վճռաբեկ դատարանի 16 դատավորներից 14-ը, որոնք համապատասխանում էին օրենքի պահանջին, Դատական դեպարտամենտի կողմից ներկայացվել էին ԲԴԽ-ին:
Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը ԲԴԽ-ն ԱԺ-ին պետք է ներկայացնի մեկամսյա ժամկետում:











































