Գործող կանոնակարգումներով պետական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց թվում են նաև ուսուցիչները, հնարավորություն են ունենում իրենց ամբողջական ստաժի համար ամսական 6000 դրամը, տարեկան 72 հազար դրամը, ուղղել 4 նպատակներով՝ հիփոթեքի սպասարկում, կրթության ծախսեր, առողջապահության ծախսեր և հանգիստ Հայաստանում և Արցախում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
«Հաշվի առնելով, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց ասենք, կարիք չունեն այդ գումարը ծախսել կրթական ծախսերի, հիփոթեքի, առողջապահական ծախսերի վրա ծախսելու, բայց ուզում են այդ գումարը փոխանցել տարատեսակ հիմնադրամների, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, հնարավորություն է տրվում սեփական հայեցողությամբ այդ գումարը փոխանցել այդ հիմնադրամին»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ այս նոր կանոնակարգումը մեկ տարով է լինելու։









































