Թշնամին մի քանի ժամի հարաբերական լարված կայունությունից հետո վերսկսել է թե՛ հարձակումները Արցախի սահմանների ուղղությամբ՝ մասնավորապես հարավային թևի, թե՛ Ստեփանակերտի հրթիռակոծումը: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ համաչափ պատասխանը չի ուշանա: Ադրբեջանի գործողությունները վերսկսվում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի Բաքու այցի ընթացքում, որ հաջորդել էր հոկտեմբերի 5-ի դիվանագիտական բավականին ակտիվ շարժերին: Հետևաբար պետք է ենթադրել, որ Չավուշօղլուի այցն էլ ուներ հենց այդ տրամաբանությունը: Հետևաբար՝ հանգամանքը, որ նրա այցին զուգահեռ Բաքուն սկսում է գրոհները և Ստեփանակերտի հրթիռակոծումը, կամ՝ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ Անկարան մի ձեռքով Չավուշօղլուին ուղարկում է Բաքու՝ իբրև դիվանագիտական հակվածության նշան, մյուս ձեռքով հրաման տալիս Ալիևին շարունակել կրակը, ընդամենը ձևականություն է:
Միևնույն ժամանակ, դա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ դիվանագիտական հոսքի վրա Անկարան չունի համարժեք հաջողություն, էլ չասած Բաքվի մասին, և ինչպես հայտնել էինք մեկ այլ հրապարակման մեջ՝ Չավուշօղլուն Ալիևին ուներ ասելու թերևս մի բան՝ ինչ գին է լինելու կրակը չդադարեցնելու դեպքում, և ինչ գին է լինելու կրակը դադարեցնելու պարագայում: Եթե կրակը շարունակվում է, ապա դա նշանակում է, որ ռազմական հաջողությունների մասին քարոզչական հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը, այլապես ռազմական հաջողությունների կետում գտնվողը թելադրում է քաղաքական պայմաններ, չունենալով ավելորդ կորուստների մոտիվացիա: Սրան զուգահեռ, դիվանագիտական այցի ու շարունակվող ռազմական գործողությունների այդ զուգահեռը թերևս կարող է խոսել նաև այն մասին, որ Անկարան մտադիր է Ալիևին խրել ճահճի մեջ այնքան, որ, խոշոր հաշվով, նա անկարող լինի դրանից դուրս գալ անգամ թանկ գնով: Թերևս, առավել նկատելի է դառնում այն, որ Թուրքիայի ծրագրերը Ալիևի առումով բազմազան չեն և, ըստ ամենայնի, Անկարան նրան տանում է զոհաբերության, և գին ոչ թե Ալիևն է վճարելու ելքի համար, այլ Թուրքիան սպասելու է, թե ով ավելի մեծ գին կվճարի Ալիևի «զոհաբերության» համար: Թերևս, այդ նպատակով է Թուրքիան ամբողջապես յուրացրել ադրբեջանական ղեկավարության իրավունքներն ու լիազորությունները:









































