«Ռուսաստանն իրականում ակտիվ է, պասիվ է միայն մեկ հարցում՝ դեսանտ չի իջեցնում մարտական գործողությունների գոտի ու այդ դեսանտն էլ ագրեսորին՝ թուրք-ադրբեջանական հրոսակներին չի խփում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի գործողություններն այս օրերին և շատերի դժգոհությունը Մոսկվայի չեզոք պահվածքի շուրջ, ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանի մասնակցության և դիրքորոշման շուրջ շատ թեժ քննարկումներ են գնում. «Երեկ, երեկ չէ առաջին օրը, հավաստի տվյալների համաձայն՝ բղավում էր, որ Հայաստանը պետք է հաղթի, բայց Ղարաբաղում թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ պետք է կռվի հայկական բանակը։ Պարզապես Ռուսաստանը այժմ որոշակիորեն փակուղային վիճակում է, որ այդ ամենը տեղի է ունենում Ադրբեջանի տարածքում։
Ռուսաստանը կարող է ռազմական միջամտություն ու ռազմական օգնություն ցույց տալ, բայց դա կնշանակի դեսանտ իջեցնել Ադրբեջանի տարածքում, որի ուղղությամբ Ադրբեջանի ղեկավարը շատ ակտիվ աշխատանք է տանում Ռուսաստանում»։
Սմբատ Կարախանյանն ընդգծեց՝ այս ամենի հետևում կանգնած է թուրքական լոբբին. «Բոլոր միջազգային հարթակներում՝ նույնիսկ իրենց կիսանորմալ նախագահի պայմաններում, կարողանում են միջազգային հարթակներում բացատրել, թե դա ադրբեջանական տարածք է։ Ռուսական կողմին տանում են դեպի պայմանավորվածության, որ կազմակերպի խաղաղ բանակցությունների հարթակ։ Բայց Ռուսաստանի համբերությունն էլ է վերջանում, կարմիր գծերի առավելագույն կետը, չնայած ադրբեջանական ու թուրքական պնդումներին, որ սա երկար է տևելու, հոկտեմբերի 15-ի կողմերն է լինելու։ Ալիևն ու թուրքերը շտապում են, որովհետև ժամանակը քիչ է մնացել։ Հասկանում ենք, որ Ալիևի վիճակը շատ ծանր է, Ղրղզստանում՝ Բիշքեկի վիճակը նրան վերջնականապես հունից հանել է ու իր այս քայլերով՝ իրեն վերածելով Թուրքիայի խամաճիկի, նա գնաց այն ճանապարհով, որ մնա իշխանության։
Այսինքն՝ ինքը, հետո կինը, ինչպես կորոշեն, ներադրբեջանական իշխանություններում ևս կա լարվածություն։ Իրենք խաղից դուրս են մնում, բայց ուզում են պահել իրենց դեմքը։ Հասկանում են, որ եթե այսօրվա դրությամբ պատերազմը կանգնի, այդ նույն կաթսան կեռա Բաքվում։ Ալիևին անհրաժեշտ է ինչ-որ բան ցույց տալ՝ ասել, որ բարձունք են վերցրել, գյուղ կամ բնակավայր են նվաճել՝ թեկուզ սուտ անուններով։ Իրենք նախանշել են գոնե երկու-երեք բնակավայր ցույց տան՝ որպես հաջողություն»։
Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե Ալիևը համոզի իր բնակչությանը, որ վերցրել է 2-3 բարձունք կամ բնակավայր, կկարողանա իրավիճակից դուրս գալ. «Ոչ բոլորն են Ադրբեջանում համաձայն, որ Ադրբեջանը վերածվի Թուրքիայի վիլայեթի, որ իրենց ցուցումներ տան նույնիսկ ոչ թե թուրքական ռազմական մասնագետները, այլ այն մարդիկ, որոնց պրակտիկան եղել է Սիրիայում ահաբեկչական գործողություններին մասնակցելը, խաղաղ բնակչությանը ոչնչացնողները՝ Իրաք, Լիբիա, Լիբանան, Սիրիա։ Մի մասը քաջ գիտակցում է, որ սրանով Ադրբեջան պետությունը ոչնչանում է»։
Կարախանյանի խոսքերով՝ Ռուսաստանում նաև հասկանում են, որ այս հարցը լոկալ իրավիճակային է, հիմնական խնդիրը հետևյալն է՝ թեժ իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտիկ. «Միջազգային ուժերը Թուրքիային օգտագործում են, որպեսզի դեստաբիլիզացիոն գործողությունները մոտենան Ռուսաստանի սահմանին հնարավորինս մոտիկ։ Այդ հարցում համընկնում են Էրդողանի պանթուրքիստական ծրագրերը։ Ամենատաք կետը Արցախն է, բայց շարունակությունը գնալու է մինչև Դաղստան, սահմանի սառեցված կոնֆլիկտը, դրանից հետո Թուրքմենստան և այլ։ Արցախի փուլում իրենք հասկանում են, որ Ռուսաստանը միջազգային իրավունքներով ու օրենսդրությամբ փակված է, ձեռքերը կապված են ռազմական գործողությունների համար։ Բայց դա էլ ունի իր ժամանակահատվածը, այս իրավիճակում մտածված հումանիտար աղետի է հանգեցնելու ոչ միայն հայերի, այլև սեփական բնակչության դեմ։ Հասկանում ենք, որ ահաբեկիչների հետ կապված իրենց համար լավ է, որ զոհվեն՝ ինչքան շատ, այնքան լավ, բայց իրենք թքած ունեն սեփական խաղաղ բնակչության վրա։ Այսօրվա դրությամբ իրենք իրենց ծրագիրը կատարում են՝ հարցը տեղափոխել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտ։ Ալիևը առաջին փուլով համաձայնվել է այս ծրագրին՝ սեփական իշխանությունը պահելու համար»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ իրենք էլ ելքերի փնտրտուքի մեջ են, հնարավոր տարբերակը ձևական մի քանի բարձունք վերցնելը ու դրա մասին սեփական ամբոխին հայտարարելը. «Շատ են այսօր հայհոյում միջազգային հանրությանը, նույնիսկ Ռուսաստանին։ Միացյալ Նահանգները իրենց խելքով շատ խոհեմ քայլի են դիմում՝ իբրև զբաղված են ընտրություններով, Թրամփը թուլացած է ու այս հարցով չի զբաղվի։ Ֆրանսիան հայկական դիրքերից է հանդես գալիս, բայց գործնական քայլեր հողի վրա տեղի չի ունենալու։ Այդ ամեն ինչը շատ լավ հաշվարկված է։ Գերմանիան ընդհանրապես ոչ մի բան չի անում, նույնիսկ թուրքերը ներկայացնում են, որ պետական մակարդակով ավելի շատ պրոադրբեջանական քաղաքականություն է տարվում։ Մեծ Բրիտանիան ու մնացած երկրները միշտ էլ եղել են պրոադրբեջանական։ Կարող է ինչ-որ բան ասեն, բայց միշտ էլ հավաքական պետական մակարդակով, ոչ առանձին լորդերի ու կոնգրեսականների տեսքով, գործնական վիճակով արյունահեղությունը կանխելու համար ոչինչ չեն անում։ Հիմա ժամանակը չէ այդ մասին խոսել, բայց երբ ՄԱԿ-ի բանաձևերը ընդունվում էին, մերոնք ամպագոռգոռ խոսում էին, հիմա էլ ահա այս իրականությունն է հաստատվել»։







































