ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի արագ ավարտել COVID-19-ի դեմ բուժումը և վերադառնալ լիարժեք աշխատանքի, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Երբ եկա այստեղ, ինձ շատ վատ էի զգում: Այժմ անհամեմատ ավելի լավ եմ»,- ասել է նա տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ի իր էջում: Ներկայում Թրամփը բուժում է ստանում Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում: Թրամփն ընդգծել է, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի ինքն ավելի շուտ ապաքինվի:
«Պետք է օր առաջ վերադառնամ լիարժեք աշխատանքի, որովհետև պետք է Ամերիկան վերստին մեծ դարձնենք: Մենք շատ բանի ենք հասել այդ ուղղությամբ, բայց դեռ շատ անելիք ունենք»,-ասել է ԱՄՆ նախագահը: «Կարծում եմ՝ շուտով կվերադառնամ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ հույս ունի պատվով ավարտել նախընտրական արշավը: Թրամփը շնորհակալություն է հայտնել համաշխարհային առաջնորդներին աջակցության համար և ընդհանրապես բոլորին, ովքեր իրեն շուտափույթ ապաքինում են մաղթել:
«Մենք «կջախջախենք» այդ կորոնավիրուսը»,- ասել է նախագահը: «Ուզում եմ ասել, որ սկսում եմ ինձ լավ զգալ… Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրադրությունն առաջիկա մի քանի օրը»,- ամփոփել է նա: Տեսանյութում Թրամփը սեղանի առջև նստած է պիջակով, սպիտակ վերնաշապիկով և առանց փողկապի: Տեսահոլովակը կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ է հավաքել:
ԱՄՆ-ի նախագահը պարզաբանել է, որ իրեն առաջարկել են կարանտինն անցկացնել Սպիտակ տանը, բայց այդ միտքն իրեն չի գոհացրել, քանի որ գերադասում է ագրեսիվ և արագ բուժումը, որն իրեն հնարավորություն կտա ժամ առաջ վերադառնալ գործերին։










































