Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, որը թափուր էր մնացել Էրդալ Ջեյլանօղլուի հրաժարականից հետո։ Դրանով իսկ Օզելի համար ճանապարհ է հարթվում Գլխավոր շտաբի պետ դառնալու համար։ Մեկ այլ հրամանով նա նշանակվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Օգոստոսի 1-ին տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը, որում լուծվելու է Գլխավոր շտաբի պետի հարցը։ Արդեն ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում այն, որ Գլխավոր շտաբի պետ է դառնալու հենց Նեջդեթ Օզելը, ով 2010 թ. օգոստոսի 4-ից գլխավորում է թուրքական Ժանդարմերիան։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ Թուրքիայի ամենասարսափահարույց թերթի համբավ ունեցող Taraf-ի հոդվածագիր, նախկին ոստիկան, հրապարակախոս և մեկնաբան Էմրե Ուսլուն գրեց, որ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակի դեպքում հրաժարական է տալու Թուրքիայի զինված ուժերի տվյալ ժամանակվա Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները.
«Վաղուց ի վեր լուրեր են շրջանառվում, որ Քոշաները վաղուց է ընդունել հրաժարական տալու որոշում և դրա համար հարմար պահ է որոնում։ Հետևաբար, եթե ԱԶԿ-ն հաղթի խորհրդարանական ընտրություններում, ապա Քոշաների հրաժարական տալը կդառնա անխուսափելի։ Մինչդեռ եթե ընտրությունների արդյունքներով ձևավորվի կոալիցիոն կառավարություն, ապա նա չի լքի իր պոստը։
ԱԶԿ հաղթանակի դեպքում զինվորականները կստիպեն Գլխավոր շտաբի պետ Քոշաներին հրաժարական տալ, որպեսզի դրանով իսկ դժվարին դրության մեջ դնեն Էրդողանի կառավարությանը և խոչընդոտներ հարուցեն նոր սահմանադրության ընդունմանը, որի նախաձեռնողի դերում է հանդես գալիս ԱԶԿ-ն»։









































