ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո հրապարակելու է իր քաղաքական հուշերը, հայտնում է CNN-ը:
ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահի քաղաքական կարիերայի մասին հիշողությունների գիրքը կհրատարակվի «Ավետյաց երկիր» խորագրի ներքո: Այն վաճառքում կլինի նոյեմբերի 17-ից:
«Ավետյաց երկրում» ես կփորձեմ անկեղծորեն խոսել իմ նախագահության, այն ուժերի մասին, որոնց դեմ մենք պայքարում ենք ազգովի և այն մասին, թե ինչպես կարող ենք լուծել մեր տարաձայնությունները և ժողովրդավարություն ապահովել բոլորի համար»,- ասել է քաղաքական գործիչը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գիրքը լույս կտեսնի միաժամանակ 25 լեզուներով: Հուշագրության թղթային տարբերակը կարժենա մոտ 45 դոլար: Աուդիոգիրքը կարելի է ձեռք բերել 40 դոլարով: