ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Ա.Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նրան՝ արդյունավետ և հետաքրքիր համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ ձևավորված փոխշահավետ գործակցությունը հետագայում ևս կշարունակվի: Փոխվարչապետը նշեց, որ Լ.Մոշիրիի պաշտոնավարման ընթացքում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս համատեքստում կողմերը կարևորեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կստեղծի բնագավառում առկա խնդիրներին առավել հասցեական և համակարգված լուծումներ տալ:
Հաշվի առնելով խնդիրների լուծման համար պահանջվող զգալի ֆինանսական ծավալները և կազմակերպչական աշխատանքը՝ կողմերը կարևորեցին բնագավառի հասարակական կազմակերպություններին գործընթացին մասնակից դարձնելու հանգամանքը և համատեղ ու նպատակային աշխատանքի իրականացումը: Հասարակական կազմակերպությունների հետ ուղղորդված աշխատանքների կազմակերպման հարցում Ա.Գևորգյանը ակնկալեց նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը: Կարևորվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների պիլոտային ծրագրի մեկնարկն այս տարի աշնանն իրականացնելու հանգամանքը:
Լ.Մոշիրին իր հերթին բարձր գնահատեց իր պաշտոնավարման տարիներին ձևավորված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց փոխշահավետ աջակցության համար՝ ավելացնելով, որ Հայասատանից հեռանում է լավագույն տպավորություններով:










































