Երեկ Երևանի Զեյթուն-Քանաքեռ վարչական շրջանի Ռայնիսի փողոցում պայթյուն է տեղի ունեցել: «Դեռևս հստակ չէ տեղի ունեցածի պատճառը. քննություն է ընթանում, այդ հարցով զբաղբում է Քննչական կոմիտեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: -Շենքը մասնակի փլուզվել է, մեկ մարդ զոհվել է, երկուսը հիվանդանոցում են, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր: Հինգ մուտք ունեցող ամբողջ շենքը տարհանվել է, շենքի չորս մուտքերի բնակարանները կանգուն են մնացել և բանկելի են համարվում, բնակիչներն արդեն մտան իրենց տները: Վարչապետն առավոտյան դեպքի վայրում էր և հանձնարարականներ տվեց՝ առաջին հերթին լուծելու դրսում հայտնված բնակիչների կեցության հարցը: 29 բնակիչ հյուրանոցներում է տեղավորվել:
Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի շահագործման խախտման հետևանքով: «Քննությունը կպարզի՝ այդ վարկածը ճիշտ է, թե ոչ: Բնակիչները պետք է զգույշ լինեն, և գազի սպասարկող ձեռնարկությունները պետք է իրենց պարտականությունները լիարժեք կատարեն, որպեսզի այսպիսի ցավալի դեպքերը չկրկնվեն»,- ընդգծեց նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանի հավաստմամբ՝ այս տարի խոտածածկ տարածքների հրդեհներ ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի, ինչը որոշակիորեն եղանակային պայմաններից է կախված. «Բայց մենք չպետք է հանգստանանք, դեռ սեպտեմբեր կա, հոկտեմբեր կա: Օրինակ՝ Լոռիում խոտը սկսում է չորանալ սեպտեմբերից, և հրդեհի վտանգ կա»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































