«Մեր բոլոր հարևանների, առավել ևս Իրանի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների սերտացումը միշտ պետք է լինի օրակարգային: Իսկ Իրանի հետ մենք ունենք չօգտագործված պոտենցիալ. էներգետիկ համակարգը այդ ուղղություններից մեկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպմանը Իրանի էներգետիկայի փոխնախարարի հետ, որի ժամանակ անդրադարձ եղավ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրին:
Նրա խոսքով՝ ցանկացած երկիր ցանկանում է իր հնարավորությունները դիվերսիֆիկացնել. «Եվ ակնհայտ է, որ գազի առումով ևս ամեն մի երկիր ձգտում է, որ այլընտրանքները մեծ լինեն: Այս համատեքստում նաև կառավարությունն է ջանքեր գործադրում ենթակառուցվածքների ապահովման իմաստով»:
Արտակ Մանուկյանը ակնհայտ է համարում, որ տարին կփակվի տնտեսական անկմամբ. «Թե ինչ չափով՝ հիմա բարդ է ասելը: Լիահույս եմ, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո գյուղատնտեսությունը և շինարարությունը ավելի մեծ տեմպերով կփորձեն իրենց աջակցությունը ունենալ տնտեսական կյանքի վերականգնման գործընթացում»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին տնտեսական բլոկի լրագրողների հետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նկատեց. «Մենք իհարկե հիշում ենք շինարարական փուչիկները: Հիշում ենք՝ ինչպես այդ փուչիկը փչվեց և ֆինանսական թեթև ճգնաժամի ժամանակ միանգամից պայթեց, քանի որ տնտեսությունը չուներ դիմադրողականություն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































