Լիբիայի ապստամբները հայտարարել են, որ ազատել են 100 պատանդների, որոնք գտնվում էին Քադաֆիին հավատարիմ ուժերի ձեռքում: Ապստամբները պնդում են, որ պատանդները պահվել են Միսրատա քաղաքի մերձակայքում, որի համար մարտերը չեն դադարում արդեն մի քանի ամիս շարունակ: Ապստամբները նաև տեղեկացրել են, որ օպերացիան իրականացնելիս նրանց օգնել են ՆԱՏՕ-ի ուժերը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ապստամբները նաև հայտարարել են, որ իրենք գրոհ են սկսում Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող, Թունիսին սահմանակից Գազայա քաղաքի վրա: Reuters գործակալությանը հայտնի է դարձել, որ ապստամբները մի քանի ուղղություններով իրենց կողմից վերահսկվող քաղաքներից շարժվում են Գազայայի ուղղությամբ:
Բացի այդ, երեկ Լիբիայի ընդդիմության առաջնորդներից Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլն ասել է, թե սպառվել է այն ժամանակը, որը տրվել էր Մուամար Քադաֆիին պաշտոնը լքելու համար, որից հետո նա կարող էր մնալ Լիբիայի տարածքում: «Այդ առաջարկն այլևս չի գործում»,- ասել է նա:










































