Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին վրդովվեցրել են Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությունները, հատկապես այն, որ այդպես էլ Սերժ Սարգսյանը իրեն մեղավոր չզգաց այդքան զոհ ունենալու հարցում։
Ապրիլյան քառօրյայի հերոսներից նռնակաձիգ Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ տիկին Նարինեն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար, ամենախիստ ձևով պետք է պատժվի։ «Պետք է ինքը ցմահ փտի բանտում։ Պետք է այնպես խոշտանգվի, ինչպես մեր երեխեքին են խոշտանգել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նա։
Սարգսյանն ասուլիսին անդրադարձել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017 թվականին խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։ Նա ասել է, թե Կարեն Կարապետյանը վրիպել է։
Տիկին Նարինեի մյուս որդին Ապրիլյանի մասնակից է, պատմել է, որ վառելիքի խնդիր է եղել. «Բոլորին էլ հայտնի է, որ տանկերի մեջ վառելիք չի եղել, դա ճշմարտություն է։ Փոքր տղաս էլ է Ապրիլյան պատերազմի մասնակից, հրաշքով է մահից պրծել։ Մի տանկ էլ ինքն է «Ուրալ»-ով քաշել, որ մեջը սոլյարկա չի եղել։ Չեմ ուզում շատ ընդարձակվել, բայց մի բան կասեմ. էդ որ Սերժ Սարգսյանն ասում է՝ լայնածավալ պատերազմ չէր, բա եթե տանկեր են հանում, «Սմերչ» է օգտագործվում, դա ի՞նչ է։ Եթե դա պատերազմ չէր, ուրեմն ինքն է գնացել այնտեղ մեր երեխեքին սպանել, չգիտեմ։ Ինքը պետք է ամենախիստ օրենքով դատվի, ինքը խոշտանգվելու է։ Սերժ Սարգսյանն անպատիժ չպետք է մնա։ Ես մյուս ծնողներին կխնդրեմ, որ բոլորս համախմբվենք, դիմում ներկայացնենք պարոն Փաշինյանին, որ նախորդ տարիների կառավարությունը ոչինչ չի արել, թող հիմա արդարությունը վերականգնվի, և ամեն մեկին արժանի գնահատականը տա»։
Տիկին Նարինեի խոսքերով՝ իր որդուն չպետք է տանեին Ղարաբաղ, քանի որ ծնողազուրկ էր. «Ինչի՞ տարան Ղարաբաղ, մեզ էլ գցեցին հոգեկան այս վիճակի մեջ։ Հիմա բոլոր ծնողներն էլ հոգեկան խնդիրներ ունեն։ Պետությունը մեզ լրիվ անտեսել է։ Կոպիտ ասած, գալիս են «Եռաբլուրում» հուղարկավորում են, հուղարկավորումից հետո իջնում են ու լրիվ մոռանում բոլորին։ Բոլոր ծնողներն էլ խնդիրներ ունեն, մանավանդ Շիրակի մարզում։ Մի հատ մեր դուռը չեն թակում, տեսնեն՝ ինչով ենք ապրում։ Գոնե թող զանգեն, տեսնեն՝ ոնց ենք ապրում։ Էս կորոնավիրուսն էլ եկավ, ոչ մեկը մեզնով չհետաքրքրվեց։ Ես շատ վրդովված եմ, ես հիմա անկեղծորեն ափսոսում եմ, որ մեր այս 18-19 տարեկան երեխեքը իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Շատ ափսոս»։
Մյուս հերոս Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտը նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա Ապրիլյան պատերազմի համար։ Ոչ միայն ինքը, Խաչատուրովն էլ պետք է պատասխան տա։
«Ամեն ինչի համար պետք է պատասխան տա։ Առաջինն այն է, որ մեր երեխաների սխրանքներն ինքը չգնահատեց։ Իմ որդին այդքան պայքարեց, գնաց ողջ-ողջ խոշտանգվեց, իր սխրանքի համար «Արիության մեդալ» ու պարգևավճար տվեց։ Ես թքած ունեմ այդ մեդալի վրա, թող իմ երեխուն ողջ-առողջ հետ տար, թող գնահատեր։ Եթե Սերժ Սարգսյանը սխալ է գնահատել, թող այսօրվա կառավարությունը, ինչպես Տավուշի դեպքերից հետո մեր հերոսներին գնահատեցին, 15 հոգու տվեցին «Առաջին աստիճանի խաչ», իսկ 55 հոգու «Երկրորդ աստիճանի խաչ», ի՞նչ է, մեր որդիներն այդքան չկայի՞ն։ Թող արդարությունը վերականգնեն, թող հիմա Նիկոլ Փաշինյանը վերանայի և նույն պարգևները տա նաև մեր որդիներին։ Հատկապես 18 խոշտանգվածներին։ Հա՛մ պետք է տա Ազգային հերոսի կոչում, հա՛մ էլ «Առաջին աստիճանի խաչ» տա։ Ես ցավ եմ ապրում, որ իմ որդին այդքան սխրանք կատարի, այդպիսի մարտական ուղի անցնի, ու մեզ այսպես գնահատե՞ն»։
Նա հավելեց, որ շատ վիրավորական էր, որ Սերժ Սարգսյանը ասուլիսում այդպես էլ ներողություն չխնդրեց Ապրիլյանի զոհերի ծնողներից։ «Ինքը պետք է պատասխան տա, եթե մեր դեմը չտվեց, Աստծո դեմը պատասխան է տալու, անպատիժ չի մնալու երբեք։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է զինվորի սխրանքը։ Եթե ինքը կարողացավ Տավուշի մարզի մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացած զինվորին տալ «Առաջին աստիճանի խաչ», ապա մեր երեխաներն այդքան սխրանք են կատարել, ինքը հիմա էլ է պարտավոր վերանայի Սերժ Սարգսյանի մոտեցումը, գնահատի երեխեքի սխրանքը և այդ պարգևավճարը տա, ոչ թե «Արիության մեդալը»։ Ինչու պետք է բոլոր հրամանատարներն ունենան «Առաջին աստիճանի խաչ», իսկ խոշտանգված զինվորներից միայն, կարծեմ, Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զուրաբյանն ունեն, մնացածը «Արիության մեդալ» ունեն»։
Նա նշեց, որ 68 հոգուն «Առաջին աստիճանի խաչ» շքանշանով պարգևատրեն, և եթե զինծառայողների հիմնադրամը չպետք է աջակցեր իրենց, թող «Առաջին աստիճանի խաչ»-ով պարգևատրեն։
«Այդ գումարներն ո՞ւր են գնում։ Այդքան մենք դիմում ենք գրում, որ խնդիրներ ունենք, մեր դիմումներն ուղարկում են հիմնադրամ, հիմնադրամն էլ ոչ գրում է՝ մերժված ես, ոչ էլ ուրիշ բան։ Բա ո՞ւմ են օգնում, եթե զոհվածի ընտանիքին ու հաշմանդամներին պետք է անտեսեն»,- հավելեց նա։









































