Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նոր նիստ է հրավիրել տարածաշրջանների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում է «ԲելՏա»-ն:
Նշվում է, որ քաղաքական գործիչը մի քանի խոսքով անդրադարձել է հանրապետությունում տիրող իրավիճակին, որից հետո անցել է տնտեսական հարցերի քննարկմանը:
«Ոչ ոք չի չեղարկել գյուղատնտեսական աշխատանքները: Հացահատիկային մշակաբույսերի հավաքման աշխատանքները մոտենում են ավարտին: Մնացել է հավաքել հացահատիկի 10%-ը»,- ասել է պետության ղեկավարը:
Նախագահը նաև խոսել է քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ սպառնալիքների և ճնշման մասին, ինչն առկա է ներկայիս սոցիալ-քաղաքական իրավիճակում:
«Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ երկիրը, ճնշող մեծամասնությամբ, զբաղված է աշխատանքով, այնուամենայնիվ, սոցիալ-քաղաքական իրավիճակի առումով դժվարությունները շարունակում են մնալ «…» Նրանք, ովքեր ուզում են «փափուկ բարձ դնել մեր գլխի տակ», չեն հաջողելու»,- ամփոփել է նա:
Ավելի վաղ Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը քննարկելու համար:






































