Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցեր է կատարում տարբեր մարզեր: Գեղարքունիքի մարզից երադարձի ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետն ասաց, որ շատ կարևոր է քաղաքական արձագանք տալ նրանց, ովքեր ասում են, թե Հայաստանում մարդկանց տրամադրությունները փոխվել են հեղափոխությունից հետո. «Ովքեր ուզում են դա փորձեն գործնականում, թող փորձեն։ Այսօր նույն տրամադրությունն է Հայստանում, ինչ հեղափոխության ժամանակ, որովհետև հեղափոխությունն իրականում շարունակվում է, հաղթական է շարունակվում և բոլոր ասպարեզներում»։
Ո՞ւմ էր ուղղված վարչապետի խոսքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, վերլուծաբան Աղասի Մարգարյանը նշեց. «Չեմ կարծում, թե նախկիններին է ուղղված… Իմ կարծիքով՝ վարչապետի խոսքն ուղղված է հանրությանը և տարատեսակ խմբակների ներկայացուցիչներին, որոնք ամեն օր մեդիա հարթակներում թմբկահարում են, թե վերջ, այս իշխանությանը քիչ մնաց, թեժ աշուն է սպասվում…, բայց այդ ամեն ինչի հիմքը չկա և մնում է զուտ մեդիահարթակներում: Սակյան դա պղտորում է հանրային գիտակցությունը. մանիպուլյատիվ, սուտ տեղեկությունները, կեղծ քարոզչական հնարքներն անդրադառնում են հանրության գիտակցության վրա և դրա դեմ որոշակի միջոցներ պետք է գտնել»:
Արդյո՞ք պահպանվում են հեղափոխական տրամադրությունները: Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի դիտարկմամբ՝ տեսանելի մակարդակում կարծես թե հեղափոխական փոփոխություններ չկան, ավելին՝ եթե կառավարման մոդելը դիտարկենք, իշխանության վերնախպավը փոփոխվեց, բայց միջին օղակներում փոփոխություններ չեղան. Կառավարման մոդելի առումով ո՛չ հեղափոխական ենք, ո՛չ ռեֆորմիստական»:
«Այս վերջերս նկատում եմ, որ մարդիկ են հայտնվել, որոնք հանդես են գալիս հեղափոխության արժեքների պահապանների դիրքորոշումից։ Երբ ուշադիր մոնթորինգ եմ անում, տեսնում եմ, որ այդ մարդկանց հիմնական մասը հեղափոխությունը մեզնից պաշտպանում են։ Ու դրանք գիտե՞ք որ մարդիկ են, նրանք ովքեր 2012, 2013, 2014, 2015 թվերին ձեռ էին առնում մեզ, ժողովրդին զգուշացնում էին, որ սրանք պրոյեկտ են։ Ընդ որում, նրանք հեղափոխությունը նկատեցին այն ժամանակ, երբ հեղափոխությունն արդեն տեղի էր ունեցել»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ թույլ չի տա հեղափոխության արժեքների պաշտպանությունից խոսեն նրանք, ովքեր անընդհատ հեղափոխության դեմ են գործել, կուլիսներում պայմանավորվածություններ ունեցել, ովքեր անընդհատ ձախողել ու ժողովրդին տարել են դեպի հիասթափություն»,-հայտարարել է վարչապետը:
Ո՞ւմ էր ուղղված վարչապետի խոսքը: «Դրանք մի շարք քաղաքական ուժեր են, որոնք մշտապես կա՛մ եղել են ստվերում, կա՛մ կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ, կա՛մ գործել են մերձհանրապետական դաշտում: Եվ այսօր այդ ուժերը խոսում են հեղափոխության մասին: Քիչ է մնում Հանրապետականներն էլ ասեն. «Սրա համա՞ր էինք հեղափոխություն արել… Ներկա իշխանությունը մնում է հեղափոխության մեկնարկողը և առանցքային ուժերից մեկը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































